«Ադրբեջանական կողմի հայտարարությունը քարոզչական նշանակության հայտարարություն է։ Հիմա ժամանակները փոխվել են, բոլորը դարձել են խաղաղասեր՝ հետեւելով մեր մոլորակի գլխավոր նախագահին՝ Թրամփին։ Հիմա մոդայիկ է խաղաղության պայմանագրեր ստորագրելը, կարծում եմ՝ Ալիեւը չի ուզում այդ մոդայից հետ ընկնել եւ նման հայտարարություններով է հանդես գալիս»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է»։
Ինչ վերաբերում է հարցին, արդյոք սա փաստո՞ւմ է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունը մոլորակի ամենագաղտնի կազմակերպությունն է։ Մենք միշտ հետո ենք իմանում իրենց մտադրությունների, պլանների մասին։ Եվ հիմա դժվար է հասկանալ՝ իրենց մոտ ինչ է կատարվում»։
Ղուկասյանն անդրադարձավ հարցին, թե առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ որեւէ փաստաթուղթ կարո՞ղ է ստորագրվել։ Նրա խոսքով՝ 1994 թվականից լսում ենք, որ հնարավոր է լինի «խաղաղության պայմանագրի» ստորագրում։ «1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրում նշված էր, որ 20 օրվա մեջ պետք է կողմերը կնքեին խաղաղության պայմանագիր։ 1994 թվականից անցել է բավական ժամանակ, եւ այդ պայմանագիրն այդպես էլ կնքված չէ»,- նշեց նա։
Ադրբեջանը շարունակական պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին։ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ մի կողմից Ադրբեջանը ֆոն է ստեղծում, թե «պատրաստ է խաղաղության», բայց մյուս կողմից տարբեր պահանջներ է ներկայացնում այն նպատակով, որ երբեք «խաղաղության պայմանագիր» չկնքվի։
Կարդացեք նաև
«Պետք է երեւալ խաղաղասեր, բայց առաջ տանել ուժային քաղաքականությունը, ինչը եւ Ադրբեջանը հիմա անում է։ Իրենց տեսակետից ինչքան Հայաստանը մնա մեկուսացման մեջ՝ առանց կայուն խաղաղության, այնքան լավ պանթուրքական գաղափարների համար։ Ինչքան շատ մարդ Հայաստանից հեռանա, այնքան լավ։ Դրա համար պետք է Հայաստանին պահեն ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, որովհետեւ հույսեր են փայփայում, որ մի գեղեցիկ օր կտիրանան մեր երկրին։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, իմ կարծիքով Հայաստանի իշխանավորներն այն մարդիկ են, որ եթե լավ փող տան, ամեն ինչ էլ կծախեն։ Գործարքների հարց է, եթե հարմար գին տան, կզիջեն, ինչո՞ւ չէ»,- նշեց Ղուկասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ