Եվրոպական խորհրդարանի այսօր ավելի վաղ ընդունած բանաձեւը պահանջում է անհապաղ եւ առանց վերապահումների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ Հատուկ անդրադարձ է արվում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքին։
Չնայած հայամետ բնույթին, բանաձեւը իրավական պարտադիր ուժ չի կրում։ Հաշվի առնելով նաեւ, որ Եվրոպական Միության գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը խուսափում է կրկնել եվրոպացի պատգամավորների կողմից Բաքվի հասցեին հնչող կոշտ հռետորաբանությունը՝ պարզ չէ, թե ինչ գործնական արդյունքներ կգրանցվեն բանաձեւի ընդունմանը հաջորդող շրջանում։
Բանաձեւի ոչ-պաշտոնական, ամբողջական թարգմանությունը՝ ստորեւ․
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Կարդացեք նաև
«Եվրոպական խորհրդարանը,
հղում կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձեւերի վրա,
հիմնվելով իր կանոնակարգի 150-րդ հոդվածի 5-րդ պարբերության եւ 136-րդ հոդվածի 4-րդ պարբերության վրա,
Ա. հաշվի առնելով, որ ներկայումս Ադրբեջանում կալանավորված են 23 հայ պատանդներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո պաշտոնյաներ եւ 2020 թվականի պատերազմից եւ հետագա էթնիկ զտումներից հետո գերեվարված ռազմագերիներ, հաշվի առնելով, որ նրանց դեմ սկսվել են շինծու դատավարություններ եւ ներկայացվել են ապօրինի ծանր մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել ցմահ ազատազրկման.
Բ. հաշվի առնելով, որ այս պատանդները ենթարկվում են անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեակտիվ մեթոդների կիրառմամբ, հաշվի առնելով, որ անտեսվում են նրանց իրավունքները, ինչպիսիք են անկախ փաստաբանների եւ թարգմանիչների հասանելիությունը, բողոքարկման հնարավորությունը, ընտանիքի անդամների այցելությունների ընդունումը եւ առողջական պատճառներով դատավարության կասեցումը, հաշվի առնելով, որ իրավունքների այս անտեսումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից բանտարկյալների վերաբերմունքի վերաբերյալ միջազգային պարտավորությունների համակարգային խախտում.
Գ. հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հացադուլ, եւ նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարանում է, հաշվի առնելով, որ մյուս պատանդների առողջական վիճակը նույնպես ակնհայտորեն վատթարանում է.
1.դատապարտում է հայ բանտարկյալների անհիմն կալանավորումը, պահանջում է նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը.
2.խստագույնս դատապարտում է ընթացիկ շինծու դատավարությունները եւ հայ պատանդների հիմնարար իրավունքների համակարգային խախտումները եւ կոչ է անում Ադրբեջանին լիարժեք հարգել արդար դատաքննության իրավունքը եւ բժշկական օգնության հասանելիությունը՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Ակնկալում է, որ այս անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը կենթարկվի անկախ քննության.
3.խորապես մտահոգված է, որ Բաքվի իշխանությունները հրամայել են փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի գործակալությունների գրասենյակները՝ դրանով իսկ խոչընդոտելով հայ բանտարկյալներին աջակցելու եւ նրանց մարդասիրական վիճակը վերահսկելու այդ մարմինների հնարավորությունը։ Կոչ է անում իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը.
4.կոչ է անում ԵՄ-ի եւ անդամ պետությունների դեսպանություններին Ադրբեջանում դիտարկել դատավարությունները եւ պարբերաբար այցելել բոլոր հայ պատանդներին։ Կոչ է անում ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին եւ փոխնախագահին, ինչպես նաեւ ԵՄ մարդու իրավունքների հատուկ ներկայացուցչին այցելել նրանց.
5.կոչ է անում մարդու իրավունքների ոլորտում գլոբալ պատժամիջոցների մեխանիզմի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության բոլոր անձանց եւ մարդու իրավունքների խախտումներ կատարած բոլոր պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես՝ դատախազների եւ դատավորներ Ջամալ Ռամազանովի, Անար Ռզաեւի եւ Զեյնալ Աղաեւի նկատմամբ.
6.կոչ է անում Միջազգային քրեական դատարանին քննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման եւ քրեական հետապնդման դեպքերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի՝ իր հայ բնակչությունից էթնիկ զտման դեպքը։ Կոչ է անում ամբողջությամբ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները, այդ թվում՝ Ադրբեջանի պարտավորությունը պաշտպանել 2020 թվականի պատերազմի հետ կապված բոլոր գերեվարված անձանց բռնությունից եւ վնասվածքներից.
7.վերահաստատում է էներգետիկայի ոլորտում 2022 թվականի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կասեցման իր հրատապ պահանջը։ Պնդում է, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պայմանավորված է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակմամբ եւ երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ, եւ որ Ադրբեջանը անհարկի չի հետաձգում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ հարգում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ վերադարձի իրավունքը.
8.հանձնարարում է իր նախագահին փոխանցել սույն բանաձեւը Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին եւ Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին, անդամ պետություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, կառավարություններին եւ պառլամենտներին»: