Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի հարկման հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որովհետև դրանով ստիպում ենք, որ համայնքը զարգանա. Փաշինյան

Մարտ 13,2025 18:05

Կխթանվի Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ընթացիկ տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու նպատակով: Հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները՝ որոշմամբ առաջարկվում է 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումը ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։ Որոշմամբ՝ գյուղատնտեսական ընթացիկ տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև աջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով: 2025 թ. համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Ըստ հիմնավորման՝ 2023 թ. ապահովագրվել է 13 մշակաբույս 4 ռիսկերից՝ 11662 հա: 2023 թ. ապահովագրավճարը կազմել է 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է 2.7 մլրդ դրամի փոխհատուցում: 2024, 2023 թթ. գրանցված բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերաապահովագրական ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից և ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով՝ այդ գործառույթը ստանձնեց ՀՀ Կառավարությունը, որն իր միջոցների հաշվին իրականացրել է նաև ապահովագրավճարի սուբսիդավորումը։ Իրավիճակով պայմանավորված՝ 2024 թ. ապահովագրվել են դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ` կարկուտ ռիսկից, հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից։ 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 27 ապահովագրական պայմանագիր, համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 21.9 մլն դրամ։ Կնքված պայմանագրերի արդյունքում ապահովագրված այգիների և ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 247 հա։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վերջին 2 տարում իրականացվող գործընթացները ժամանակավոր լուծումներ են, և Կառավարությունը շատ վճռական է տրամադրված՝ հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնելու, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերում, այլև՝ զուգահեռ ենթակառուցվածքներին:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողների մասին. «Ինչոր բանաձևեր են գտնվում, – եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, – որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմ է ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել, բերք ստանալն է նպատակը, այլ՝ հողն ապահովագրելը, ապահովագրավճար ստանալը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսական ապահովագրության թեման գաղափարախոսական հարց է. «Երբ գործիքը ստեղծվում է, մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան, որ դա իրենց համար է: Մենք անընդհատ այստեղ այդ խնդիրն ենք ունենում: Երբ մենք բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումները մի պարզ պատճառով՝ ստացվում է, որ միտումներ կան, որ այդ բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ այս պահին ինչոր փոքր և կարճաժամկետ օգուտ ստանալու համար: Երբ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում՝ Իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում, խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է՝ երբ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջին գործը չլինի, որ այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք՝ ասֆալտը քանդելով: Կամ երբ միկրոձեռնարկատիրության համակարգ է ներդրվում, առաջին միտքը չլինի՝ ընկերությունը կիսենք յոթ մասի: Սա իրականում խորը ֆունդամենտալ, սոցիալհոգեբանական պրոբլեմ է: Այստեղ էլ իմ եզրակացությունը միանշանակ է՝ քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես օտար մի մարմնի»:

Երկրի ղեկավարը հավելել է՝ ներկայումս փորձ է արվում գյուղապահովագրական համակարգը ՀՀ-ում փրկել. «Ինչո՞ւ ենք ուզում փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչոր անառողջ պրոցեսների: Պարզվում է՝ տեղեր կան, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են, հատուկ այդտեղ, որ նախկին 20 տարում ոչինչ չէին արել, տանում, ինչոր բան են ցանում ու նստած սպասում են, որ կարկուտը գա, գնան ապահովագրությունը ստանան»:

 Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա սոցիալ-հոգեբանական, կրթական խնդիր է, աշխատանքի, պետության, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է. «Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետք է առնչվենք, մարդկանց հետ խոսենք»:

Վարչապետն ընդգծել է՝ պետք է անել հնարավորը, որպեսզի համակարգը կայանա, ծառայի իր նպատակին և լինի մաքսիմալ արդյունավետ. «Պետք է կարողությունները զարգացնել, այդ թվում՝ նախարարության, պետական կառավարման համակարգի: Պետք է իրականացնել թվայնացում, այդ թվում՝ թվային հարթակում մեր հողերի կատեգորիաները, դրանց մասին տվյալները լրացնել»:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ:

Կառավարությունն ապահովում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. հատկացվել է ավելի քան 916 մլն դրամ

ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916,781.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների 14 ծրագիր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսավորվող ծրագրերը. Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում՝ ասֆալտապատմամբ (կատարված է շինարարական աշխատանքների 95 %, հիմնանորոգվել են 9,67 կմ երկարությամբ և 53 203 քմ մակերեսով փողոցներ), Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 17.4 կմ ջրամատակարարման նոր ցանց և իրականացվել է 3.1 կմ երկարությամբ ներտնային միացում, շահառուները՝ 500 տնտեսություն), Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խ. Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցում և Սարալանջի փողոցում կոյուղու կառուցում (ավարտված, կառուցվել է 1 կմ կոյուղու ցանց և տեղադրվել 30 դիտահոր, շահառուները՝ 120 տնտեսություն), Ակունք համայնքի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 1-ին փուլը ավարտված է, իրականացվել է 7,07 կմ ջրահեռացման համակարգի կառուցում և տեղադրվել են 200 դիտահորեր, շահառուները՝ 280 տնտեսություն),Նաիրի համայնքի Քասախ, բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 2.18 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհ), Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, ջեռուցման համակարգի տեղադրում (ավարտված, բարեկարգվել է 14000 քմ մակերեսով տարածքը, սաների թիվը՝ 60), Արթիկ համայնքի Սարալանջ, Նահապետավան, Սարատակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում (ավարտված, սալարկվել է 1.88 կմ երկարությամբ և 7297քմ մակերեսով ճանապարհ), Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 1.82 կմ երկարությամբ և 8420 քմ մակերեսով փողոցներ), Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Խոտանան բնակավայրում վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում (ավարտված, իրականացվել է 90,72 քմ վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում, շահառուներ՝ 115), Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Գայ և Աբովյան փողոցների բակերի, Գետափնյա և Խանջյան փողոցների մայթերի հիմնանորոգում/բարեկարգում (ավարտված, հիմնանորոգվել է 3020 քմ մակերեսով բակային հատվածներ և 854 քմ մայթեր), Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 90 %, 13,5 կմ ջրագծի, 1 հատ ՕԿՋ-ի և 5 հատ ջրհավաք ավազանի կառուցում, շահառուներ՝ 1040 բնակիչ), Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ մանկապարտեզի առաջին մասնաշենքի հիմնանորոգում (ավարտված,  հիմնանորոգվել է մանկապարտեզի առաջին մասնաշենքի 1418.5 քմ տարածքը, սաներ՝ 150), Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ հորատիչ սարքավորման ձեռքբերում (ավարտված), Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի փողոցների ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 85 %, հիմնանորոգվել է 600 մ երկարությամբ փողոցներ):

Անշարժ գույքի հարկման հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որովհետև դրանով ստիպում ենք, որ համայնքը զարգանա. վարչապետ

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը։ ՀՀ Կառավարության առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված 2025 թվականի համար 75 տոկոսի չափով և 2026 թվականի և հետագա տարիների համար 100 տոկոսի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով: Երկրորդը՝ մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 2025 թվականի տարվա և հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է հարկի գումարի 75 տոկոսի չափով։ Նախարարը նշել է, որ օրինագծի հիմնավորման համաձայն՝ արդեն իսկ հարկվում են նաև ցածր արժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք մինչ այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն։ Բացի այդ, նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեցտարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ: «Այսինքն՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը», -ասել է Վահե Հովհաննիսյանը և ներկայացրել մի շարք հանգամանքներ. «Ինչպես հայտնի է, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվել կադաստրային արժեքները, որոնք եղել են խիստ թերագնահատված: Այս իմաստով՝ 2021 թ.-ին իրականացված անշարժ գույքի հարկի համակարգի բարեփոխման նպատակը շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող համակարգին անցում կատարելն է և դրանով իսկ տեսանելի հարստությանը և ունեցվածքին համարժեք հարկում ապահովելն է: Երկրորդ՝ հատկանշական է, որ մինչև նոր համակարգի ներդրումը գործող գույքային հարկերի ամբողջ ներուժը կազմում էր ՀՆԱի 0,2 տոկոսը, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է համադրելի երկրների համեմատությամբ: Տարբեր երկրներում այդ ցուցանիշը հասնում է 1, 2, 3 տոկոսի: Այսինքն՝ ՀՀում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվել: Հատկանշական է նաև այն, որ համակարգի վերանայման արդյունքում 2026-ի հարկի ներուժը 2026-ին կանխատեսվող ՀՆԱի նկատմամբ գնահատվում է շուրջ 0,35 տոկոս, այսինքն՝ ավելացումը լինելու է ընդամենը 0,15 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է ցածր լինել»:

Ֆինանսների նախարարը նաև նշել է, որ ընտրվել են հարկման իմաստով հնարավորինս արդար և համաչափ հարկում ապահովող տարբերակները: «Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 մլն դրամ արժեք ունեցող բնակարանները և անհատական բնակելի տները կազմում եմ բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85 տոկոսը: Այս խմբի գույքային միավորների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումը էական չէ, և կարող է կազմել շուրջ 20 հազար դրամ: 25-200 մլն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11 տոկոս: Այս խմբի մասով հարկի միջին աճը կազմում է 50 հազար դրամ. սրանք տարեկան ցուցանիշներն են»,- ասել է Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախագծի ընդունումը շատ փոքր ազդեցություն կարող է ունենալ հարկային բեռի վրա: Ըստ այդմ՝ նշվել է, որ որոշման նախագիծն ընդունելի չէ:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անշարժ գույքի հարկման շատ բարդ և կարևոր որոշում է Կառավարությունը կայացրել և ընդունել: Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է արձանագրել, թե ինչի է բերել այդ որոշումը. պետբյուջեն անշարժ գույքի հարկի գումարից զրո եկամուտ է ստանում, այդ հարկվող գումարները ստանում են համայնքները: Եվ անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում համայնքների սեփական եկամուտները 2019-ից կրկնապատկվել են և ՏԻՄ-երը կարողանում ենք համայնքներում առկա ավելի շատ խնդիրներ լուծել: «Միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ պրոբլեմն է, որ մեր երկրում չկա: Ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև՝ կարող ես ունենալ տուն, և այդ տան շեմից այն կողմ, ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչոր իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել, հետևաբար այդ հոգսը լուծվում է այսպես՝ տեղական ինքնակառավարման մարմիններով այդ գումարը գեներացնելով», –ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ գույքահարկի այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները: «Վերջերս ընդունեցինք կարևոր մեխանիզմ, դա մասնակցային բյուջեն է, երբ համայնքի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել՝ ուզում ենք, որ մեր գույքահարկը ծախսվի կոնկրետ խնդիրը լուծելու վրա։ Ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ»,-ասել է վարչապետը։

«Ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չէ, մենք այս որոշումը կայացրել ենք և պինդ կանգնելու ենք այս որոշման վրա: Կներեք, բայց այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, որ համայնքն ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև աճուրդների անցկացմանը և նշել, որ այստեղ առկա են մի շարք խնդիրներ և որ դրանք հիմնականում ձևական են: «Իրականում աճուրդը աճուրդ չէ, դրա մասին շատ նեղ թվով մարդիկ ենք իմանում: Աճուրդների հիմնական հատվածը ֆիկտիվ է: Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և մենք նույնիսկ դրանից տեղյակ չենք լինում: Այստեղ պետք է հրատապ որոշումներ կայացնել» :

Արձագանքելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ այս խնդրին նաև Դատախազությունն է առնչվում. «Մեր ներկայացված հայցերի մեծ մասը վերաբերում են հենց ձևական աճուրդներին: Եվ հայցերը, որոնք դատարանում հաջողությամբ են պսակվում, այն ապացույցների վրա են հենվում, որ իրականում ձևական մասնակիցներ, փոխկապակցված են համայնքների ղեկավարների հետ»: Ոլորտի խնդիրները լուծելու համար ՀՀ գլխավոր դատախազն առաջարկներ է ներկայացրել: Առաջինը վերաբերում է վաճառքն աճուրդով և շուկայական գնով կազմակերպելուն: Երկրորդ առաջարկը վերաբերում է աճուրդի անցկացմանը. «Պետք է փոփոխություն անել և ռեալ ապահովել հանրայնությունը, որովհետև ձևական մի քանի հարթակում հայտարարություն տալով՝ կարողանում են համարել հրապարակայնությունն ապահովված: Այս առումով ունենք խնդիր, և դա համայնքների պարտականությունն է, ոչ թե Կառավարության: Եվ մեր առաջարկն է նաև, որ որոշակի կարգի հողեր թողնել անօտարելի, որովհետև մենք ունենք իրավիճակներ, երբ արոտավայրի վրա մի ամբողջ այգի է կառուցված, բայց հողի կատեգորիան արոտավայր է՝ շատ փոքր, չնչին վարձավճարներով: Մեզ համար նաև վարույթի շրջանակում հետաքրքրում է այն, թե ոնց է այդ այգին այդ արոտավայրի վրա կառուցվել»:

Նիկոլ Փաշինյանը համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ վերահսկել և արգելել ձևական աճուրդների անցկացումը: Հարցը վարչապետը համարել է հրատապ և առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ: Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև մարզպետներին. «Հարցը հատուկ ուշադրության կենտրոնում պահեք»:

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է. Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել օրինագծի վերաբերյալ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:

Կառավարության առաջարկության համաձայն, մասնավորապես՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի զարգացմանը՝ մասնավորապես, հաշվի առնելով այն, որ հայտարարագիր ներկայացնելով ֆիզիկական անձինք տեղեկանալու են իրենց անվանական եկամուտների, դրանցից պահված հարկերի վերաբերյալ։ Ըստ Կառավարության՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։ Կառավարության առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:

Կառավարությունը գումար է հատկացրել Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով

Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4,300,000 եվրոյին համարժեք դրամ՝ Բրյուսել քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը նախնական բանակցություններ է սկսել Բրյուսելի Գործարարների Միության ներկայացուցիչների հետ՝ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շենքը, որպես դեսպանության նոր շենք ձեռքբերելու նպատակով: Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թ. և արդեն իսկ հանդիսանալով հին շինություն՝ շուրջ 20 տարիների շահագործման ընթացքում պահպանման տեսանկյունից դարձել է առավել խնդրահարույց։ Դիրքով և չափերով պայմանավորված՝ ներկայիս շենքը իր տարածքում ընդհանրապես չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման (հովացման համակարգ ընդհանրապես գոյություն չունի) համակարգերի հետ կապված փոփոխություններն ու սպասարկումն էական բարդություններ են առաջացնում՝ հաշվի առնելով շենքի կարգավիճակը: Դեսպանության շենքը գտնվում է պետության հսկողության տակ, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շինության ձեռքբերումը նպատակահարմար է՝ շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որի անմիջական հարևանությամբ գտնվում են մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ, ԵՄ կառույցներ, ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի՝ շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ հաշվի առնելով ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնումն ու Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը: Շինությունը կառուցվել է 1866-1870 թվականներին, նախկինում ծառայել է որպես Բրյուսելի Գործարարների Միության շենք և ֆունկցիոնալ առումով հիմնականում համապատասխանում է դեսպանության գործունեության համար անհրաժեշտ չափանիշներին։ Այն չափերով էապես գերազանցում է ներկայիս շինությանը, բաղկացած է 4 հարկից և նկուղային տարածքից, որը կարող է ապահովել 20 և ավելի աշխատակիցների համար բավարար գրասենյակային պայմաններ, ինչպես նաև մինչև 21 ավտոմեքենայի կայանատեղի: Շինությունն ունի հանդիպումների սենյակներ, փոքր ու միջին ընդունելությունների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ և հարմարություններ, որի օգտագործման պարագայում դեսպանությունը հնարավորություն կունենա կազմակերպել հանդիպումներ և իրականացնել տարբեր միջոցառումներ՝ զերծ մնալով տարբեր տարածքների բավական թանկ վարձակալման անհրաժեշտությունից: Հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ շինության ձեռքբերումը պետության համար կարող է հանդիսանալ նաև շահավետ և երկարաժամկետ ներդրում (վերջին 20 տարիների ընթացքում անշարժ գույքի գները աճել են գրեթե 3 անգամ):

2024թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 838 անձնագիր

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2024թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 838 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (139 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (699 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Կրճատված տրանսպորտային միջոցները կամրացվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարարությանն ամրացված 9 տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ԱԳ նախարարի համապատասխան իրավական ակտով կիրականացվի տրանսպորտային միջոցների բաշխումը օտարերկրյա պետություններում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմիններին: Հիմնավորման համաձայն՝ նախարարության հաշվեկշռում հաշվառված է 15 մեքենա, որոնցից 14-ը ՀՀ վարչապետի հանձնարությամբ ենթակա է կրճատման: Հաշվի առնելով 2025-2026թթ. ՀՀ պետական բյուջեի միջնաժամկետ ծրագրերի մեջ ներառված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը, ինչպես նաև նախարարության հաշվեկշռում առկա կրճատվող մեքենաների ցանկում ընդգրկված նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաները, ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված, նախարարությունը նախատեսում է տեղափոխել և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների տնօրինմանը հանձնել նախարարության հաշվեկշռում առկա 9 տրանսպորտային միջոցները: Ավտոմեքենաները գտնվում են տեխնիկապես անթերի վիճակում: Անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ առկա չեն:

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը՝ ամսական 300.000 դրամի չափով, դադարեցվել է փետրվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև մարտ ամիսը ներառյալ:

Փոփոխություններ և լրացումներ՝ գնման ընթացակարգերի կազմակերպման պայմաններում

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ է գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ առաջարկվում է պատվիրատուին վերապահել որակավորման ապահովման փոխարեն որակավորման չափանիշներ սահմանելու հարցի որոշման լիազորությունը, ինչպես նաև այս պարագայում պայմանագրի ապահովման ավելի բարձր շեմ սահմանելու հնարավորությունը: Նախատեսվում է 25 մլն դրամը չգերազանցող շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների դեպքում ևս որակավորման ապահովումը ներկայացնել միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի ձևով: Երկու փուլով մրցույթի դեպքում հնարավորություն կստեղծվի, որ 2-րդ փուլում հայտ ներկայացնեն նաև այն մասնակիցները, որոնք նախաորակավորվել են, սակայն 1-ին փուլին հայտ չեն ներկայացրել: Առաջարկվում է նաև մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պայմանների, այդ թվում՝ ժամկետների վերաբերյալ կարգավորումները հրավերով սահմանելը դարձնել պարտադիր պայման և այլն: Որոշման ընդունման արդյունքում կնվազեցվի ինչպես սահմանված ժամկետներում ծրագրերի չիրականացման, այնպես էլ ծրագրերի ձախողման ռիսկերը:

Կառավարությունն ապահովում է փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրեր իրականացումը

Համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացման հնարավորություն տրամադրելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ վարչապետի հանձնարարականների և վարչապետի աշխատակազմի բազմաթիվ գրությունների կատարումն ապահովելու նպատակով՝ համայնքների միավորմանը չմասնակցած, ազգային փոքրամասնություններով բնակեցված փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրեր իրականացնելու նպատակով 2022 թվականից սկսած հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում։ Ըստ այդմ՝ ներկայացվել է բյուջետային ֆինանսավորման հայտ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման և Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասով։ Մասնավորապես՝ Շամիրամ համայնքի գազաֆիկացմամբ ակնկալվում է ապահովել բնակիչների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատությունների արդյունավետ ջեռուցման ապահովումը, ինչն էլ իր հերթին կնպաստի վառելափայտի խնայողությանը, հետևապես անտառհատումների և էկոլոգիայի և դրանից բխող խնդիրների լուծմանը: Կիրականացվեն Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ՝ 1.3 կմ։

Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն իրենց միջոցներով ստեղծված սահմանափակ քանակությամբ ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու գործընթացում, քանի որ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու պատճառով հնարավորություն չունեն ապահովելու պետական փորձարկման համար անհրաժեշտ փորձնական նմուշի որոշակի քանակություն։ Որոշմամբ՝ արտադրողներին հնարավորություն կընձեռնվի սեփական միջոցներով ստեղծված ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու համար համապատասխան քանակ ապահովելու նպատակով օգտվել դրանք պետական միջոցներով պատրաստելու հնարավորությունից։ Կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, նրանց կողմից պատասխանելու և այլ գործընթացների իրականացման հստակ ժամկետները։ Արդյունքում՝ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 200115.0 հազ դրամ` Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ս.թ․մարտի 30-ին կայանալիք ավագանիների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով:

Կառավարությունը որոշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում գտնվող ամբուլատորիայի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերել Մեղրի համայնքին՝ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31