«Սա փաստում է, որ Հայաստանն ընկրկել է Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է»։ Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ, իսկ հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը։
Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ երբ այս գործընթացը սկսվեց 2-3 տարի առաջ, Ադրբեջանը 5 կետանոց ինչ-որ առաջարկ էր ներկայացրել, Հայաստանը 6 կետանոց առաջարկ էր ներկայացրել։ Եվ այս գործընթացի ընթացքում Հայաստանի իշխանությունը զիջումների գնաց Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ։ «Եվ սա է պատճառը, որ այս իշխանությունները տեքստը գաղտնի են պահում ոչ միայն պատգամավորներից, այլ նաեւ հայ ժողովրդից։ Մարդը, որն ասում էր՝ ժողովրդի թիկունքում ոչինչ չեմ անելու, գաղտնի է պահում։ Ոչ մեկս չենք տեսել այդ տեքստը, միայն կարող ենք ենթադրել։ Այդ տեքստի մասին բավականին թափանցիկ խոսում է Ադրբեջանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ երկու կետերը, որոնք համաձայնեցված չէին, մեկը հայցերի հետքաշման պահանջն էր միջազգային ատյաններից։ Եվ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը ահազանգ էր, որ Հայաստանն այդ հարցում նույնպես զիջել է։ Երկրորդ չհամաձայնեցված պահանջը շփման գծում երրորդ երկրների՝ Եվրամիության դիտորդների ներկայությունն էր։ «Սրանք այն երկու կետերն էին, որոնք Հայաստանը զիջեց»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Միաժամանակ, նա հիշեցնում է, որ Ադրբեջանը նաեւ պահանջում է միջանցք, պահանջում է այսպես կոչված «պատերազմական հանցագործների» արտահանձնում Ադրբեջան։ Բաքուն պահանջում է նաեւ, որ այսպես կոչված «ադրբեջանցի 350 000 փախստականները» պետք է վերադառնան Հայաստան։
Կարդացեք նաև
«Այնպես որ, եթե Փաշինյանը կարծում է, որ այս թղթիկով ինքն Ադրբեջանի հետ հարաբերությունները կկարգավորի, շատ է սխալվում։ Իրեն ուղղակի պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն», եւ ինքն այդ թղթի կտորով քարոզարշավ կսկսի եւ կասի՝ ես խոստացել էի խաղաղություն, ահա ձեզ խաղաղություն։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ դու ունես ընտրություն ստորացման եւ պատերազմի միջեւ, Չերչիլը շատ ճիշտ նկարագրել է»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ այս տեղեկությունը հայ հանրությունն իմացավ Ադրբեջանի իշխանություններից, այսինքն՝ ՀՀ իշխանությունները թաքցնում են, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ամեն ինչն է այդպես տեղի ունեցել, բոլոր բացահայտումները՝ ինչի շուրջ են բանակցում, ինչի շուրջ են համաձայնություն ձեռք բերել, ինչի շուրջ համաձայնության չեն եկել, մենք այդ ամենն իմանում ենք ադրբեջանական պաշտոնատար անձանցից։ Երբ այդ հարցը բարձրացնում ենք, ասում ենք՝ ինչո՞ւ է հանրությունն այս ամենն Ադրբեջանից իմանում, այս իշխանություններն ասում են՝ ադրբեջանական լուրեր եք տարածում, Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում։ Իհարկե, իրենք կուզենային, որ Ադրբեջանը չխոսեր, որ իրենք ժողովրդին թմրեցնեին «պերֆեկտթիվիական» զառանցանքներով, բայց սա իրականությունն է։
Փաշինյանը, որը 2018 թվին սպառնում էր՝ ուղղակի կդիմեմ Ադրբեջանի ժողովրդին, հիմա նույնիսկ վախենում է սեփական ժողովրդին դիմել։ Ինքը հայ ժողովրդին դիմում է այն ժամանակ, երբ Ադրբեջանն իրեն պարտադրում է, ինքը համաձայնում է, փորձում է այդ պարտադրանքը ներկայացնել իբրեւ թե Հայաստանի շահերից բխող քայլ։ Օրինակ՝ Ադրբեջանը պարտադրեց Հայաստանի Սահմանադրությունը փոխել, ասացին՝ լավ, կփոխենք։ Հետո պարտադրեց դա անել հանրաքվեի միջոցով, Փաշինյանն ասում է՝ հանրաքվե պետք է լինի։ Հիմնավորում է, որ այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Եթե այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ուրեմն ինքն էլ լեգիտիմ վարչապետ չէ, որովհետեւ ընտրվել է այս Սահմանադրությամբ։ Եթե այս Սահմանադրությունը ոչ լեգիտիմ ու ոչ օրինական հանրաքվեով է ընդունվել, ուրեմն չի գործում, այլ գործում է 2005 թվականի Սահմանադրությունը։ Բայց այս ամենն իրենց չի հետաքրքրում, իրենց նպատակն է մնալ իշխանության եւ դրա համար պատրաստ է բոլոր հարցերում զիջել Ադրբեջանին ու բոլոր հարցերում խաբել սեփական ժողովրդին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ