Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի ընթացքում։
Ընդգծելով Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի կատարման, ինչպես նաև Գլխավոր ասամբլեայի քսաներորդ հատուկ նստաշրջանի արդյունքների վերանայման ու գնահատման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, աշխատանք-կյանք հավասարակշռության խթանման, որակյալ առողջապահության և կրթության հասանելիության բարձրացման և մի շարք այլ նպատակների ուղղությամբ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, ինչպես նաև վերջիններիս իրավունքների պաշտպանության գործում։ Նա շեշտել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության խթանման և գենդերազգայուն քաղաքականության իրականացման ուղղությամբ․ վավերացվել են գենդերային հավասարությանն առնչվող միջազգային հիմնական փաստաթղթերը, իսկ ոլորտային ռազմավարություններում (Ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարություններ) որպես հիմնարար բաղադրիչ ներառված են գենդերային հավասարության ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Կարդացեք նաև
«Գենդերային հավասարությունը միայն քաղաքականության նպատակ չէ. այն կայուն և ներառական զարգացման նախապայման է։ Գենդերազգայուն կլիմայական գործողությունների ապահովումը շարունակում է լինել կարևոր, քանի որ հատկապես գյուղական և մարգինալացված համայնքներում բնապահպանական խոցելիությունը շարունակում է անհամաչափորեն ազդել կանանց և աղջիկների վրա: Մենք աշխատում ենք ամրապնդել միջազգային համագործակցությունը կլիմայի փոփոխության, աղտոտման և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարում»,- նշել է նախարարը։
Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ Հայաստանը վերջերս հայտ է ներկայացրել է և ընտրվել 2026 թ․ COP17 Կենսաբազմազանության համաժողովը հյուրընկալող երկիր։
Ելույթի ավարտին նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է վճռական լինել և անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել որոշումների կայացման գործընթացում կանանց և աղջիկների լիարժեք ներգրավվածության, նրանց ներուժի բացահայտման և տնտեսական զորեղացման ուղղությամբ։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ