«Մենք թույլ ենք տվել, որ Բաքուն նման հայտարարություններով հանդես գա, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի տարածք, ապա այդտեղից շատ բաներ են բխում: Իրենք կարող են անգամ հատուցում պահանջել, կարող են ասել, որ իրենց տարածքում զինված ջոկատներ են գործել, որոնք Հայաստանից են ուղարկվել եւ այլն եւ այլն»,-«Հայելի» ակումբում նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով. «Ու այս ամենի հնարավորությունը Բաքվին տվել է Նիկոլ Փաշինյանը, երբ Պրահայում արել է այդ հայտարարությունը, մինչդեռ պետք էր մտածել դրա հետեւանքների մասին: Իհարկե, այս իշխանություններն ասում են, որ նախկին իշխանություններն էլ երբեք չեն քննարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա կեղծ է:
Պարզ է, որ ինչ վերաբերվում է Արցախին, այն առնվազն դիտվում էր որպես վիճելի տարածք, ինչը նշանակում էր, որ այլ մոտեցումներ պետք է լինեն, էլ չենք խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի եւ այլնի մասին: Իսկ այդ ամենից Փաշինյանը հրաժարվեց…Նրան հիմա կարող են հարցնել՝ ձեր անձնագրերն ինչ էին անում մեր տարածքում, ձեր դրամն ինչ էր անում մեր տարածքում, այս ամենի մասին պետք էր մտածել»:
Արթուր Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, ցավոք, Հայաստանը միջազգային, դիվանագիտական բոլոր հնարավորությունները չի օգտագործել, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա: Նրա խոսքով, դա նաեւ անհնար է դարձել այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները միշտ ասել են, որ պետք չէ քայլեր անել, որովհետեւ դրանք կարող են վնասել. «Իրականում այս իշխանություններն անում են այն, ինչի շուրջ Ադրբեջանի հետ վաղուց պայմանավորվել են»:
Կարդացեք նաև
Քաղաքագետն ընդգծում է. «Գործող իշխանությունները, իշխող քաղաքական ուժը փորձում է մեղքը գցել անգամ գերիների վրա, ասում են՝ իրենք են մեղավոր… Բայց, այնպես չէ, որ իրենք միշտ մնալու են իշխանության ու անելու են ցինիկ հայտարարություններ՝ առանց հետեւանքների… Փաստ է, որ ունենք գերիներ եւ իշխանությունները ոչինչ չեն անում, ոչ միայն գերիների ազատվելու, այլ անգամ գերիների հանդեպ պատշաճ վերաբերմունքի ուղղությամբ: ՀՀ իշխանությունների համար Արցախի հարցը փակ է, իսկ իրենց նոր գաղափարախոսությունը, այսպես կոչված իրական Հայաստանը նշանակում է՝ մոռացեք Արցախի մասին, նոր Սահմանադրություն ենք ընդունելու, որը այլ ռեգիոնալ դիրքավորում է տալու Հայաստանին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ