Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցում բազմաթիվ վիրավորանքներ եւ հայհոյանքներ կան, բայց որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել. «Իմնեմնիմի»-ի գործ

Մարտ 13,2025 17:41

«Մենք միշտ՝ վերջին 6 տարիների ընթացքում, եղել ենք քաղաքական հետապնդումների զոհ»,- այսօր դատարանում հայտարարեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներից Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ իր դեմ հարուցված որեւէ վարույթում հիմնավորում, որեւէ կասկած անգամ չի եղել իր կողմից քրեական հանցագործություն կատարելու մասին։

Նա հավելեց, որ իր ու Վազգեն Սաղաթելյանի դեմ նաեւ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, քանի որ համացանցում բազմաթիվ վիրավորանքներ եւ հայհոյանքներ կան եւ իրենց նկատմամբ, եւ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների, որոնց վարած աղետաբեր քաղաքականության հետ մարդիկ համաձայն չեն, բայց որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

Նարեկ Սամսոնյանի գնահատմամբ՝ այս ողջ դատավարության ընթացքում մեղադրական կողմից փաստերը խեղաթյուրվել են, անգամ վկաների խոսքերն են խեղաթյուրվել, իսկ ամենացնցողն էլ այն է, որ մեղադրական եզրափակիչ ակտում դատախազը հղում է անում մի գործի՝ ասելով, որ դա խուլիգանություն է, վերջում, պարզվում է՝ նման բան չի եղել։ Նարեկ Սամսոնյանի կարծիքով, այս ամենը դատավորի համար հիմք է լինելու՝ մեղադրական վերդիկտ չկայացնելու համար։

Վազգեն Սաղաթելյանն էլ իր խոսքում ասաց, որ անգամ հանրային ընկալման մեջ այս գործը հանրային անդորրի խաթարման գործ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքի հետեւանքով առաջացած գործ է՝ հիշեցնելով, որ այդ հոդվածն էլ ապաքրեականացված է։ Դատական քննարկումը, ըստ Վազգեն Սաղաթելյանի, հետեւյալն էր՝ վիրավորելու համար, արժե՞ մարդկանց կալանավորել, թե՝ ոչ։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմը միջնորդել էր՝ արդարացման վերդիկտ կայացնել։ Այսօր հնչեցին եզրափակիչ ելույթները։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էին իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31