Ս․թ․ մարտի 7-ին տեղի ունեցավ Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) Եվրոպական խմբի ազգային կոմիտեների առցանց հանդիպումը։ Այն կազմակերպվել էր ս.թ. մայիսի 24-26-ը Վիեննայում կայանալիք ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպական խմբի տարեկան հանդիպման օրակարգի հարցերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակից երկրների շարքում էին ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և ԻԿՕՄՕՍ/Ադրբեջանի ազգային կոմիտեների ներկայացուցիչները։ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի առաջարկությամբ Հանդիպման օրակարգում քննարկվող հարցերից էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հուշարձանների անխնա ոչնչացումը կանխարգելելու և հետագա պահպանությունն ապահովելու նպատակով Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի կողմից միջազգային հանձնախմբի գործուղումը Լեռնային Ղարաբաղի տարածք: ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամների ներկայացմամբ՝ ստեղծվող Հանձնախմբի այցը թույլ կտա մշտադիտարկում անցկացնել և վերահսկել Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պահպանությունը՝ շարունակվող ոչնչացումից պաշտպանելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար Ն. Գյուլնազարյանը մտահոգություն հայտնեց ներկայում շարունակվող Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ավերման հետ կապված, որին հակադարձեցին Ադրբեջանի ներկայացուցիչները՝ մեղադրելով հայկական կողմին Հայաստանում ադրբեջանական հուշարձանների քանդման մեջ։
Արձագանքելով Ադրբեջանի ներկայացուցիչների անհիմն մեղադրանքներին՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ, հնագետ Համլետ Պետրոսյանը հիմնավոր փաստերով ներկայացրեց հայկական կողմի պահանջը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը կանխարգելելու, Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի միջոցով ժառանգության պաշտպանության հատուկ խումբ ձևավորելու վերաբերյալ։
Եվրոպական խմբի նախագահ Ռին Ալլաթալուն կարևորելով ԻԿՕՄՕՍ-ի դերը նման զգայուն թեմաների բարձրացման և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու գործում՝ ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի ազգային կոմիտեների համագործակցության և համապատասխան տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը։ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների քանդման հարցը քաղաքական որակող ադրբեջանցի մասնակիցներին Ռին Ալլաթալուն կոչ արեց շրջանցել քաղաքականությունը և կենտրոնանալ ժառանգության պահպանության խնդրի վրա։ Վերջինս կարևորեց մշակութային ժառանգության պահպանության շուրջ երկկողմ համագործակցությունը այլ հակամարտող տարածքների ներկայացուցիչների ներգրավմամբ։
Կարդացեք նաև
ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության շուրջ բոլոր մտահոգությունները փաստաթղթավորելու, հուշարձանների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հարթակում ներկայացնելու գործում։
«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ