ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով հարակից քննարկմանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ կանանց աջակցությամբ։
Քննարկման ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է համատեղ ջանքերի և հանձնառությունների դերը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հետևանքով առաջացած մարտահրավերների դիմագրավման ու արդյունավետ արձագանքման գործում։ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ շատ դեպքերում կանայք առավել խոցելի են նաև շրջակա միջավայրի փոփոխություններով պայմանավորված՝ շեշտելով ժամանակին ու հասցեական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Իր ելույթում նախարարը վերահաստատել է նաև ՀՀ հանձնառությունը՝ խթանելու կանանց հզորացումը կենսաբազմազանության պահպանման և որոշումների կայացման գործընթացներում․ այս համատեքստում նա ընդգծել է COP16-ի ունեցած առանցքային դերը։
«Անհրաժեշտ է որդեգրել ներառական և ճկուն մոտեցում՝ սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ, որոնք կլինեն նաև COP17-ում Հայաստանի նախագահության հիմքում: Այն նախատեսվում է անցկացնել՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը և լսել յուրաքանչյուրի դիրքորոշումն ու մոտեցումը»,- ասել է Նարեկ Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Ելույթի ավարտին նախարարն ընդգծել է նաև COP17-ի կարևորությունը Գենդերային գործողությունների ծրագրի վերանայման համատեքստում՝ նշելով, որ այն հնարավորություն կստեղծի լիարժեք գնահատել ոլորտում առկա իրավիճակը և առաջարկել արդյունավետ լուծումներ։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ