«Իրական Հայաստանի» գաղափարախոսության թեմայով հարց ու պատասխանի ժամանակ այսօր իրավաբան Հայկ Հովսեփյանը վարչապետին դժգոհեց, որ Հայաստանում օրենքներ են ընդունվում առանց շահառուների հետ շփումների:
Իրավաբանը նկատեց, որ պետությունը, կառավարությունը քաղաքացուն պետք է հարցնի՝ ինչն է խանգարում ապրել, կրթվել, աշխատել, հետո նոր օրենք ընդունի կամ օրենսդրական փոփոխություններ անի:
«Մարդիկ միայն ձեր անունը գիտեն, դրա համար էլ մի զարմացեք, որ թերթերում միայն ձեր անունն են տալիս»,- վարչապետին ասաց իրավաբանը:
«ՀՀ քաղաքացու բարեկեցության մեջ մտնում է անվտանգությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը եւ այլն: Ես հասկացել եմ, որ ուղիղ կապի մեջ լինեմ, մարդիկ հնարավորություն ունենան գրել… էն օրը նույնիսկ մեկը Սյունիքի գյուղերից էր գրել, թե ջուրը կտրել են, ես ուղարկում եմ… հետո ինձ հարց եմ տալիս՝ լավ, բայց ես ժամանակը ճի՞շտ բանի վրա եմ ծախսում»,- արձագանքեց վարչապետը:
Կարդացեք նաև
-Ճիշտ բանի վրա չեք ծախսում, ասածս էլ էն է, որ համակարգը պետք է աշխատի, մի վարչապետը չի կարող էս երկիրը «դզի»,- արձագանքեց իրավաբան Հովսեփյանը:
Փաշինյանը համաձայնեց. «Էդ մարդը ինձ չպետք է գրեր, որովհետեւ, երբ վարչապետն է այդ թեմայով զբաղվում, վատ կառավարման հետեւանք է»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ ՀՀ ֆունկցիոնալ նշանակությանը՝հարցադրում առաջ քաշելով, թե ինչի համար է ՀՀ-ն. « Էդ ֆորպոստ խոսույթը միշտ եղել է մեր իրականության մեջ, բայց այդ խոսույթը միշտ կապել ենք ուրիշների հետ: Բայց ՀՀ-ն մեզ համար էլ է ֆորպոստ եղել: ՀՀ-ն մեզ համար նպատակ չի եղել, ՀՀ-ն մեզ համար ֆորպոստ է եղել ինչ-որ այլ նպատակների հասնելու՝ ավելի սիրելի, ավելի կարեւոր նպատակի: Ինձ համար էլ է այդպես եղել, ժողովուրդ ջան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ