Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնի և գիտության միջև բացարձակապես հակասություններ չկան, այլ ճիշտ հակառակը, նրանք մեկը մյուսին լրացնում են և ամբողջականացնում

Մարտ 13,2025 18:25

Կրոնն ու գիտությունը մարդկության զարգացման գործում կարևոր դերակատարում են ունեցել։ Մարդկային գիտակցության այս երկու իմաստալից կատեգորիաները սերտորեն շաղկապված են մեկը մյուսի հետ։ Հանուն արդարության՝ նշենք, որ եղել է ժամանակ, երբ կրոնական համայնքները, մեղմ ասած, անհանդուրժողականություն են ցուցաբերել գիտության նկատմամբ, սակայն դա հայ իրականության հետ որևէ առնչություն չունի։ Հակառակը, Հայ Առաքելական Եկեղեցին իր պատմության ողջ շրջանում տարբեր բնագավառներում գիտության զարգացման առաջամարտիկն ու ջատագովն է եղել։

Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում, թվում է, կրոնը կորցնում է իր նշանակությունը, սակայն նման կարծիք կարող է ստեղծվել միայն առաջին հայացքից կամ մակերեսայնորեն առնչվելով որևէ գիտության հետ։ Որևէ նյութի օրինաչափության հիմքային ուսումնասիրումը լուրջ գիտնականներին հանգեցնում է հավատքի և եթե նրանք անտեսեն այդ իրականությունը, ապա վերջնական արդյունքի հասնել չեն կարող։ Այդ է պատճառը, որ գիտության և կրոնի մեջ հակասություններ փորձում են գտնել հիմնականում կամ սկսնակ կամ ոչ արհեստավարժ գիտնականները, ովքեր իրենց ուսումնասիրության մեջ որոշակի փուլում ինտելեկտուալ կարողությունների դեֆիցիտ են ունենում և չեն կարողանում ավելին զարգանալ։ Այն գիտնականները, ովքեր հասնելով այն կետին, երբ հասկանում են, որ առանց հավատքի այլևս անհնար է զարգանալ և դառնում են առ Աստված, այսինքն` վերը նշածս դեֆիցիտը սկսում են ստանալ ճշմարիտ ակունքներից, հիմնականում հենց նրանք էլ փոխում են աշխարհը իրենց նորարարություններով ու փառք են տալիս Աստծուն և ոչ թե մեծամտանում են ու մոլորության մեջ հայտնվում, մոլորության մեջ գցելով նաև իրենց աշակերտներին, ուսանողներին կամ հետևորդներին։

Գենադի Մնացականյան

Սկսնակ գիտնականները սիրում են վիճել, բանավիճել և միշտ ագրեսիվորեն են վերաբերվում հավատքին՝ պնդելով, որ կրթությունն ու գիտությունը պետք է ազատ լինեն կրոնական դոգմաներից։ Նման պնդումների ոչ գիտական ու ոչ արդարացի լինելը փաստելու համար բերեմ մի պարզ օրինակ։ Թվում է անվիճելի է, որ մեկ գումարած մեկ հավասար է երկուս։ Այսինքն` սա ինքնին պարզ է, այստեղ ապացուցելու բան էլ չկա, բայց, դիցուք, գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ, ոչ, դա այդպես չէ, ոչինչ ճշգրտորեն իրար հավասար լինել չեն կարող և այդ երկու մեկերն էլ իրար հավասար չեն կարող լինել, հետևաբար երկու մեկերի գումարումը ճշգրտորեն երկուս լինել չի կարող։ Այս տեսակետը կարո՞ղ է կողմնակիցներ ունենալ։ Որքան էլ զավեշտալի ու զարմանալի լինի, այո, կարող է ունենալ, և նրանք շատ ագրեսիվորեն կարող են պնդել իրենց տեսությունը։

Կամ ոմանք ասում են Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, մինչդեռ Արցախը հայկական է ճիշտ այնպես ինչպես մեկին գումարած մեկ երկուսի է հավասար։ Նույն կերպ կան կրոնական դոգմաներ, որոնք պարզապես ակնհայտ ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտություններ են և ինչո՞վ նրանք կարող են խանգարել որևէ գիտությանը անսահմանորեն զարգանալու համար։ Իհարկե, ոչնչով չեն խանգարում։

Օրինակ, ինչպես վերը նշեցի, երբ ասում ենք որևէ ճշմարիտ գիտության աղբյուրը Աստված է, այս համոզումը ինչո՞վ կարող է խանգարել գիտության զարգացմանը։ Ոչնչով։ Սակայն կարող են լինել գիտնականներ, ովքեր կասեն՝ ի՞նչ Աստված, իսկ ո՞վ ասաց, որ Աստված գոյություն ունի ընդհանրապես և այլն, հավանաբար բոլորս էլ շատ ենք լսել նման արտահայտություններ, որոնց ճշմարտացիությունը մոտավորապես հավասար է նրան, եթե ասենք հարգարժան Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը արմատական ընդդիմություն են։

Բոլոր ժամանակներում առաջադեմ գիտնականները հանգել են Աստծու գոյության փաստին, որոշները չեն զլացել ու կիսվել են այդ ճշմարտությամբ, իսկ շատերն էլ, թերևս, դա իրենց համար գաղտնիք են համարել ու լռել։ Այլ խոսքով, վստահ կարող ենք լինել, որ յուրաքանչյուր գիտության ակունքում կրոնն է, քանի որ գիտության աղբյուրը Աստված է։ Անվիճելի է, որ կրոնի և գիտության միջև բացարձակապես հակասություններ չկան, այլ ճիշտ հակառակը, նրանք մեկը մյուսին լրացնում են և ամբողջականացնում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31