«Այսօրվա հավաքի նպատակներից է, որ մեր խնդրանքն ուղղենք Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի 46 պատգամավորներին, որոնք մարտի 18-ին քննարկելու են խորհրդարանում բանաձևը ընդունելու հարցը։ Եթե այս պալատում ևս բանաձևն ընդունվեց, ապա այն օրենքի ուժ է ստանում, դրանից բխում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի այս բանաձևով ամրագրված պարտավորություններն ի կատար ածելու համար»,-ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց կազմակերպված հավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա, դիմելով Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի անդամներին, ասաց․ «Ստորին պալատի կողմից ընդունված բանաձևը մեր ժողովրդի համար հույսի ու լույսի շող էր։ Մենք խնդրում ենք, որ Վերին պալատը ևս հավատարիմ մնա մարդու իրավունքների, հումանիզմի գաղափարախոսությանը և կանաչ լույս վառի այդ բանաձևի համար․ ինչպես ասում են՝ կանգնի պատմության ճիշտ կողմում և իր քայլով ևս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հաշտ չէ տեղի ունեցողի հետ, հաշտ չէ 150 հազար անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման, պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հայրենազրկման հանգամանքի և իրավունքների խախտման հետ։ Ցույց տա, որ ոչ միայն հաշտ չէ, այլև պատրաստ է ստանձնել պատասխանատվություն այդ անձանց իրավունքները պաշտպանելու համար»։
Կարդացեք նաև
Նշենք, որ հավաքի ավարտին մասնակիցները նամակ փոխանցեցին Շվեյցարիայի դեսպանատուն, որն ուղղված է Շվեյցարիայի ԱԳ նախարարին, որը ևս խնդրանք է պարունակում կառավարության դիրքորոշման հետ կապված՝ հօգուտ բանաձևի ընդունման և մարդկանց խախտված իրավունքների վերականգնման»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ