«Իրական Հայաստանի» գաղափարախոսության թեմայով հարց ու պատասխանի ժամանակ այսօր փորձագետ Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց իր դիտարկումները նախ եւ առաջ Սահմանադրությունը փոխելու հարցի վերաբերյալ:
Ըստ նրա՝ հարցումների համաձայն՝ ժողովրդի մեծ մասը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը, նման իրավիճակում կա հանրային վստահության խնդիր այդ գործընթացի հանդեպ: Ըստ փորձագետի՝ իսկ եթե չկա հանրային վստահություն, դժբախտաբար, միջոցը չի ծառայելու նպատակին:
Անդրադառնալով նախկինների թալանը հետ բերելու իշխանությունների կողմից «ծեծված» այս թեմային՝ փորձագետն ընդգծեց, որ թալանը հետ բերելը լավ է, բայց դրա համար երկար գործընթաց է պահանջվում: Նա բերեց մի շարք երկրների փորձ, որտեղ մի քանի տասնյակ տարիներ են պահանջվել նախկինների թալանը հետ բերելու համար:
«Դուք ասացիք ՝ ժողովրդի մեծ մասը դե՞մ է, ես չեմ ժխտելու: Այդ բանավեճի մեջ չմտնելու համար հայտարարեցի, որ զրոյական կետ եմ համարում: Ես ավելի հեռուն եմ գնում, ասում եմ՝ այս գաղափարի կողմնակիցների թիվը համարում եմ զրո: Գործընթացը հենց այդտեղից է սկսում՝ 1+1-ի տրամաբանությամբ: Ավելանո՞ւմ է համախոհների թիվը, թե՞ չի ավելանում»,- փորձագետի դիտարկմանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա. «Աբսուրդ կլինի, եթե մեր կառավարությունը ասելով, գիտե՞ք՝ նախկինում Սահմանադրությունները, որ ընդունվել են, ընկալումն այն է եղել, որ ժողովուրդը չի քվեարկել, փորձի նույն ճանապարհով նույն իրավիճակը բերի: Անհեթեթություն կլինի: Կառավարության գործը առաջարկելն է, տարբեր քարոզչություններ կլինեն, մարդիկ կորոշեն: Սահմանադրության ընտրություններին մի ձայնի կեղծիքի մենք չենք գնա, դա բացառված բան է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ