Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի դրական որոշման դեպքում՝ ամռանը Շվեյցարիայում Արցախի հարցով լսումներ կանցկացվեն»․ Գագիկ Բաղունց

Մարտ 13,2025 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր մենք նամակով դիմում ենք Շվեյցարիայի իշխանությանը, որ մարտի 18-ին տեղի ունենալիք պառլամենտի Վերին պալատի համապատասխան նիստին ընդունվի դրական որոշում, որ Արցախի հիմնախնդիրը մնա միջազգային տարբեր ատյաններում օրակարգային հարց և ժամանակի ընթացքում այդ հարցը կստանա արդարացի լուծում»,-ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Նա պարզաբանեց․ «Վերին պալատի որոշումը պարտադիր է կառավարության համար։ Եթե մարտի 18-ին Վերին պալատն էլ դրական որոշում ընդունի, կառավարությունը պարտավոր է լսումներ կազմակերպել, և հուսով ենք՝ դրանք մեծ ռեզոնանս կստանան, և Արցախի հարցը կրկին կվերադարձնեն լայն քննարկումների։ Սպասում ենք, որ ամռանը հարցի հետ կապված լսումներ կլինեն»։

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի

Հարցին՝ ՀՀ դիվանագիտությո՞ւնն ինչ պիտի անի և ի՞նչ ճնշում պետք է գործադրվի Ադրբեջանի վրա, Գագիկ Բաղունցը պատասխանեց․ «Մենք ճնշում չենք գործադրում, ներկայացնում ենք մեր պահանջները, մենք մեր իրավունքներին տեր ենք կանգնում»։

ՀՀ իշխանությունների վերաբերմունքի մասին խոսելով՝ նա զուգահեռ տարավ․ «Մեխանիկայի ոսկե կանոն կա, որ յուրաքանչյուր գործողության արդյունավետությունը որոշվում է ոչ միայն գործադրած ուժի միջոցով, այլև բազուկի մեծության շնորհիվ։ Ներկայացնում ենք արցախահայության, Արցախի իշխանությունների գործունեությունը, բայց առանց լծակի ու բազուկի՝ ի դեմս ՀՀ իշխանությունների, մեր գործունեության արդյունավետությունը շատ ցածր է։ Ակնկալում եմ, որ շուտ կամ ուշ այս կամ այլ իշխանություն ՀՀ-ի կհասկանա, որ Ղարաբաղի հիմնախնդիրը ամբողջ հայ ազգինն է, Ղարաբաղը ՀՀ-ին անբաժանելի մասն է, և կարծում եմ շատ ավելի ակտիվ ու գործունյա ջանքեր կգործադրվեն, որ արցախյան հիմնախնդիրը արդարացի լուծում ստանա»։

Դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունները տարբեր առիթներով նշում են, որ արցախահայության վերադարձի օրակարգն իրատեսական չէ, Գագիկ Բաղունցն այսպես արձագանքեց․ «Տարբեր հարցեր տարբեր ժամանակահատվածում ստանում են տարբեր գնահատականներ ու լուծումներ։ Եթե ընդունենք, որ ինչ-որ չափով այսօր անհնար է խոսել վերադարձի մասին՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանի դիրքորոշումը, այնուամենայնիվ, մենք հաստատակամ ենք, որ մեր ջանքերի շնորհիվ մենք կպահպանենք հնարավորությունը և մի քիչ ավելի բարենպաստ պայմաններում կարծում եմ շուտ կամ ուշ կստեղծվի մի իրավիճակ, որ կիրականանա մեր երազանքը՝ հավաքական վերադարձ մեր պատմական հայրենիք, և թույլ չենք տա, որ Արցախը վերջնականապես հայաթափվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31