«2025-ի մարտի 18-ին տեղի է ունենալու Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի քվեարկությունը, որից բավականին մեծ են ակնկալիքները։ Շվեյցարիան այն երկիրն է, որտեղ խորհրդարանի որոշումը կառավարության համար պարտադիր կատարման է։ Դա նշանակում է արցախցիների վերադարձի իրավունքի՝ օրակարգում պահելը»,- ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։Մարտի 18-ին այս հարցը քննարկվելու է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում։
Մետաքսե Հակոբյանը փաստեց՝ մեզ համար կարևոր է նաև գերիների, պատանդառված անձանց վերադարձը․ «Մեր՝ այստեղ գտնվելը նախ շնորհակալության արտահայտման միջոց է։ Սա ապացուցում է, որ ամեն ինչ չէ, որ միայն կարող է որոշվել իշխանությունների կողմից։ Ահռելի է իշխանությունների անելիքը, ինչը չեն անում, բայց նաև կան ճանապարհներ, որոնց ուղղությամբ հնարավոր է աշխատանք տանել և թույլ չտալ, որ Արցախի հարցը փակեն, որ աշխարհն անտարբերությամբ վերաբերվի մեր գերիների ու պատանդառված անձանց նկատմամբ»։
Կարդացեք նաև
Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվելիք բանաձևի առիթով էլ ասաց․ «Նկատեցի, որ մի փոքր խոսքի փոփոխություն կարծես կա։ Կարծես ցանկություն ունեն զուտ կոչերից անցնելու գործողությունների իրականացմանը։ Բազմիցս բանաձևեր են ընդունվել, բայց դրանք կյանքի չեն կոչվել։ Ի՞նչ է նշանակում կյանքի կոչել․ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Դա կարող է անել և′ Եվրախորհրդարանը, և′ տարբեր այլ կառույցներ, որոնք իրականում շահագրգռված են։ Մի նշույլ նկատեցինք կոչերի ԵԽ-ի կողմից։ Սակայն կոնկրետ Ադրբեջանի նկատմամբ չէր, այլ մի քանի գործիչների նկատմամբ։ Հուսով եմ, որ այս կառույցները, տեսնելով վտանգը, տեսնելով այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուժի, բռնության միջոցով են փորձում իրենց խնդիրները լուծել, կսկսեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Հուսանք տարբեր պետություններ կսկսեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ