Կինոնախագծերի ներկայացման մրցույթը՝ փիթչինգը, կարևոր հարթակ է դարձել Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների համար: Շաբաթներ առաջ կայացել է կինոնախագծերի մրցույթը, որի շրջանակում կինոոլորտի լավագույն մասնագետներից կազմված անկախ փորձագիտական խումբը գնահատել էր ներկայացված ուսանողական նախագծերը: Գնահատվել էին վիզուալ նյութը, դրա ներկայացումը, ընդհանուր պատկերային մոտեցումները, ռեժիսորի մոտեցումները, ստեղծագործական ներուժը, ներկայացնողի խոսքը, միտքը, հստակությունը, նախագծի արդիականությունը, թիմային աշխատանքը, ֆինանսական և ստեղծագործական ներդրումները:
Կարևորելով այս մրցույթի շարունակականությունը` ռեկտոր Սառա Նալբանդյանն ընդգծել է, որ այն ոչ միայն նպաստում է ուսանողների մասնագիտական աճին, այլև ստեղծում է ամուր կապեր կինոոլորտի պրոֆեսիոնալների հետ։ Ռեկտորը նաև նշել է, որ փիթչինգի ձևաչափն ուսանողներին հնարավորություն է տալիս գործնականորեն կիրառել իրենց գիտելիքն ու հմտությունները, ինչպես նաև զարգացնել ներակայանալու արվեստը, ինչը կարևոր պայման է դեպի մեծ նախագծեր գնալու ճանապարհին։
Կարդացեք նաև
Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկանի ժ/պ Լիանա Սմբատյանն էլ իր ելույթում վստահեցրել է՝ անընդհատ վերանայվելու են ֆակուլտետի ուսանողների կինոնախագծերի հնարավորությունները, ինչպես նաև Միջազգային կապերի բաժնի հետ համատեղ մշակվելու են ուսանողական կինոնախագծերի փառատոնային առաջխաղացման ծրագրերը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրիատի ավարտական աշխատանքների փիթչինգի արդյունքներով հաղթող նախագիծ է ճանաչվել Արսեն Հովհաննիսյանի «Գիշերային շանսը»՝ արժանանալով բուհի դրամական մրցանակին: Այս նախագիծը Սուրեն Թադևոսյանի կողմից արժանացել է տեխնիկական աջակցության, Վահան Գրիգորյանի կողմից սցենարական խորհրդատվության, AD films-ի կողմից պրոդյուսերական խորհրդատվության և ադմինիստրատիվ աջակցության: Տաթև Ասատրյանի «Աղ» կինոնախագիծը Սերո Սողոմոնյանի կողմից արժանացել է վիզուալ կոնցեպտի մշակման և կինոյի նկարչական բեմադրման, իսկ Վահան Գրիգորյանի կողմից` սցենարի խորհրդատվական աջակցության: Մարիա Իսրայելյանի Home կինոնախագիծը Academy Films-ի կողմից արժանացել է տեխնիկական աջակցության, իսկ Վահան Գրիգորյանի կողմից` սցենարական խորհրդատվության: Սիրանուշ Վարդանյանի «Կուճիր» նախագիծը պրոդյուսերական խորհրդատվական աջակցության է արժանացել պրոդյուսեր Սոնա Մարգարյանի կողմից:
Փիթչինգը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ուսանողներին ներկայացնելու իրենց գաղափարները, այլև տալիս է ֆինանսական, խորհրդատվական, տեխնիկական և ադմինիստրատիվ աջակցություն:
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ