«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ Եվրոպական միության (ԵՄ) համապատասխան կառույցների միջեւ գրեթե 8 տարի բանակցություններ են ընթացել, ձկնաբուծարաններում իրականացվել են մոնիթորինգային աշխատանքներ, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացվել են: ԵՄ սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմինները մեզ տեղեկացրին, որ արդեն Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ երկրների՝ ձուկ եւ ձկնամթերք արտահանող թույլտվություն ստացած եվրոպական հանձնաժողովի համապատասխան կանոնակարգում:
Ու այս տարվա մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքի արտահանումը Եվրոպական միության երկրներ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը՝ խոսելով Հայաստանից դեպի Եվրամիություն ձկնամթերք արտահանելու հնարավորությունների մասին:
Նա հավելեց, որ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ եւ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանի խոսքով. «ԵՄ երկրներ հայկական ձուկ եւ ձկնամթերք արտահանելու գործընթացը բավական երկար է տեւել, եւ դա իսկապես շնորհավորանքի տեղիք է տալիս, քանի որ մեր ձկնաբույծները բավականին երկար էին սպասում բարձր որակով եւ հատկանիշներով օժտված մեր ձուկը եւ ձկնամթերքը եվրոպական շուկա արտահանելուն:
Կարդացեք նաև
Հայաստանում ձկնաբուծության ոլորտը հատկապես վերջին տարիներին լուրջ զարգացում է ապրում: Շատ տնտեսվարողներ տեխնոլոգիաներ են ներդնում, որպեսզի հնարավորության դեպքում ավելի ռացիոնալ օգտագործեն ջրային պաշարները եւ արտադրեն որակյալ ձուկ եւ ձկնամթերք: Այդ առումով էկոնոմիկայի նախարարությունն ունի պետական աջակցության ծրագիր, որով խրախուսում եւ աջակցում է ձկնաբույծներին, որոնք ներդնում են նորագույն տեխնոլոգիաներ եւ վերամշակման համար նախատեսվող սարքավորումներ»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում արդյունագործական ճանապարհով բուծվում են թառափազգի, իշխանազգի եւ կարպազգի ձկնատեսակներ: «Գաղտնիք չէ, որ մեր ձկնաբույծների ունեցած հարուստ փորձից, մեր բնակլիմայական պայմաններից, աշխարհագրական դիրքից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության ձուկը եւ ձկնամթերքը որակապես բավականին բարձր են եւ մեծ պահանջարկ ունեն արտասահմանում: Բացի ձկան արտադրությունից՝ Հայաստանում զարգանում է նաեւ ձկնամթերքի արտադրությունը, այդ թվում՝ կարմիր եւ սեւ խավիարի, ձկան վերամշակված պրոդուկտների»,-ընդգծեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ