Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով:
Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր կառույցների, մասնակցել են նաև Կա՛Ֆոսկար համալսարանի և «Նարեկ» հայկական կրթամշակութային միության ներկայացուցիչները:
Ծրագրի շրջանակում Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտներին ընձեռվել է բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու և ուսումնասիրելու Վենետիկի հայկական հարուստ ժառանգությունը։ Աշակերտներն այցելել են Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն, Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարան:
Կարդացեք նաև
«Այս նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է և մեծ նշանակություն ունի սփյուռքի հայ երեխաներին հայկական ժառանգությանը ծանոթացնելու տեսանկյունից։ Այն նպատակ ունի նոր կամուրջներ ստեղծել՝ ամրապնդելով հայապահպանության և կրթության ոլորտում համագործակցությունը եվրոպական առաջատար կրթական հաստատությունների հետ»,– նշել է «Նարեկ» հայկական կրթամշակութային միության նախագահ Արտակ Ժամհարյանը:
Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է «Հայերի Վենետիկը» թեմայով դասախոսություն՝ անդրադառնալով հայերի դերակատարությանը Վենետիկի զարգացման և բարգավաճման գործում:
«Մենք մեծապես կարևորում ենք այս նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Դարեր շարունակ Վենետիկը եղել է հայկական մշակութային կարևոր կենտրոններից մեկը, և նման ծրագրերը բացառիկ հնարավորություն են նոր սերունդներին ծանոթացնելու մեր պատմության և մշակույթի կարևորագույն էջերին», – ընդգծել է պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:
Նշենք նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի շրջանակում Կա՛Ֆոսկար համալսարանում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում են հայագիտական դասընթացներ և հետազոտական ծրագրեր:
ԿԳՄՍ նախարարության կողմից երկու տարին մեկ կազմակերպվող Համահայկական կրթական խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը, զարգացնել համագործակցությունը սփյուռքում գործող կառույցների միջև: 2024 թվականի օգոստոսին Հայաստանում կազմակերպված համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին մասնակցել է 15 երկրի շուրջ 100 պատվիրակ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ