Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիաննա Տեր-Կարապետյանի «Նամակներ լույսին» ժողովածուն հույս է ներշնչում, որ գրական ասպարեզ է մուտք գործում շնորհաշատ անհատականություն, որի տողը մի օր դառնալու է ճանաչելի

Մարտ 13,2025 14:20

«Առավոտը» 2021թ. ներկայացրել էր Մարիաննա Տեր-Կարապետյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «անկետադիր» խորագրով: Փաստել էինք, որ կային ժամանակներ, երբ հայ պոեզիայի զարգացման միտումների նպատակով անցկացվում էին քննարկումներ, բանավեճեր, որոնք երբեմն անցնում էին բանավեճի սահմանը: Կային մասնագետներ էլ, որոնք պարզապես մերժում էին պոեզիայի ոլորտում, իրենց խոսքերով` «նորարարական էքստազը»: Նրանց դեմ անհանդուրժող վերաբերմունք ուներ անվանի գրականագետ, երջանկահիշատակ Ալեքսանդր Թոփչյանը:

Մի առիթով, նա մեզ հայտնել էր հետևյալը. «Գրականության այդ ճյուղը պետք է ունենա երեք բաղադրիչ` պետական պատկեր, պետական լեզու և պետական բովանդակություն», հավելելով, որ «չվճարված պարտամուրհակի համառությամբ» բոլոր ժամանակներում պահպանողականները պոեզիան ընկալել են իբրև «հասարակության ինքնագիտակցության բարձր ձև»:

Մեկ-երկու բանաստեղծներ էլ հանդես եկան հետևյալ պնդմամբ, թե բանաստեղծությունը հեռացել է բանաստեղծությունից, ուստի մերժելով նորը՝ ավանդականության անունից հայտարարում էին և ընդունում «բնական ապրումի բանաստեղծության» գաղափարը:

Մենք էլ փաստենք, որ կոնկրետ պոեզիայի մասով, վերջին տարիներին, բացի նոր գրքերի շնորհանդեսներից չենք հանդիպում այդ ձևաչափերով և ոչ մի միջոցառման:

Հիմա ներկայացնենք Մարիաննա Տեր-Կարապետյանի վերջերս հրատարակված երկրորդ` «Նամակներ լույսին» ժողովածուն մասնագետի` ճանաչված գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի մեկնաբանմամբ, ընդ որում՝ առանց միջամտության:

«Բանաստեղծության անհետացման XXI դարի այս դարձդարձիկ օրերում, երբ մշակութային արժեհամակարգերը փոխվել են նոր առևտրական հերոսներն են մագլցում թափուր մնացած պատվանդաններին, հանկարծ գյուտի նման է դառնում, երիտասարդ կնոջ բանաստեղծության նկատմամբ նուրբ վերաբերմունքը: Այս զգացողությունն եմ ունեցել Մարիաննա Տեր-Կարապետյանի ստեղծագործություններին ծանոթանալիս: Ընդգծում եմ` զգացողություն, քանզի Մարիաննա Տեր-Կարապետյանը պահպանում է բանաստեղծության ամենակարևոր հատկությունը` ապրումի պատկերը, որին գումարվում է երիտասարդի խոհը, նյարդը և հայացքն ուղղված աշխարհին… Ամենակարևորը, որ Մարիաննան ոչ մի կեցվածք չի խաղում, գրում է իրեն հուզող երևույթների մասին, ուստի բնական է, որ նրա համար սերը առաջնային պիտի լիներ:

Գիրքը բացող «Սէր իմ» շարքում հավաքված են սիրային բանաստեղծությունները: Հետաքրքիր է, որ սերը հեղինակի համար սոսկ քնարական զգացողություն չէ. այն ապրելու ձև է, գոյության մենամարտ, ցասման ու հուսալքման ալեբախումների շարք, մի քիչ կատակ ու մի քիչ լուրջ, որով բանաստեղծուհին նոր մարտահրավեր է նետում ավանդական սիրերգությանը.

 

Սէր իմ

Մեր քաղաքում նորից աշուն է

Այն խոր աշուններից մեկը

Որ հանդիպեցինք

Մանր անձրև է մաղում

Մայթերի փոքրիկ լճակներում արտացոլվում է ժպիտդ (էջ 25):

 

Միևնույն ժամանակ՝ Մարիաննան կարողանում է սիրո զգացողությունը անարատ պահել առօրեական գորշությունից: Նրա ապրումը մարդկային ամենազուլալ զգացողությունն է, արարչականը, որը մարդկային էույթին համաձայն՝ երբեք չի բավարարվում ունեցածով և ձգտում է ավելիին, ամենայ­ին, դրանից անդին… Եվ բազմապատկվում է սերը, քանզի այն երբեք չի ավարտվում, քանզի այն ընթացք է, հավիտենական հետք ու դրոշմ, նման խարանի, որից հնարավոր չէ ազատագրվել: Ուրեմն՝ այն պետք է ապրել իր ողջ խորքով ու ընդգրկումով.

 

ես քո մանրուքներում եղա

թերթածդ բոլոր էջերի մատնահետքերում ու

գրչատուփիդ փոշեհատիկում եղա

հայելուդ արտացոլանքում

անծանոթների ժպիտում

կիսատ բաժակում

ու երկնքից կաթող գարնան առաջին ցողի մեջ

եղա (էջ 46):

 

Տեր-Կարապետյանի բանաստեղծություններում հաճախ են հանդիպում բառախաղեր: Սա բանաստեղծի խաղն է ոչ միայն աշխարհի ու մարդկանց հետ, այլև գրականության: Այսինքն` խաղը վերածվում է գրականության, գրականությունը` խաղի մի ձևի, որն այս բեռնառատ աշխարհում գուցե դառնա սփոփող, փրկող և թեթևացնող:

 

Անդրշիրիմյան վեհ լռություն էր

Անդորր էր (էջ 74)

Կամ

Քո ստեղծած աշխարհում հյուր ես

Անհրավեր ու օտար ես

Ցամաքած մեր հոգում հուր ես… (էջ 80):

 

Այսպես. բառախաղը երիտասարդի համար բանաստեղծության կառուցման կարևոր միավոր է։ Նա նախ հեռու է մնում ավելորդ ճոռոմաբանություններից, ապավինում է լեզվական այն կորիզին, որը առօրեա խոսակցականի և գրականի միջանկյալ բառաշերտն է։ Ի դեպ, բառախաղը բանաստեղծություններում ինքնանպատակ չէ և զուտ բառային գործածությամբ չի արտահայտվում. այն ընդլայնում է նաև տողի, պատկերի բովանդակային առաձգականությունը.

 

և անառակ մի ծեր այրի

մերկացնում է զիստ անպատկառ(էջ 107):

 

Բանաստեղծն իր տարիքի համեմատ բավականին հասուն մտածումներ ունի: Նրա «Տէր իմ» շարքն աչքի է ընկնում երիտասարդի` աշխարհի ու մարդկանց հետ հարաբերությունների գեղարվեստական յուրացմամբ: Պատահական չէ շարքի խորագիրը. այն ասոցացվում է «աղոթքի» հետ, սակայն առանցքում մարդն է` իր ցավերով, իր ապրումներով, ուրախություններով ու ժամանակավոր գոյությամբ.

 

մի թող ինձ մենակ

ճամփեզրին կանգնած ուռենու նման

լքված մենակ եմ(էջ 68):

 

Մարդ­-մարդ հարաբերություններում արժևորվում է Արարիչը: XXI դարի նորօրյա տեխնոլոգիական անհավանական զարգացումների այս դարաշրջանը մարդուն հեռացնում է մարդուց: Վիրտուալ իրականությունը հսկայական տարածք է զբաղեցնում մարդկային կենսական հարաբերությունների հաշվին: Իրենց տեղերով փոխվել են անցողիկն ու հավիտենականը: Առօրեականությունը ներթափանցել է մարդկանց հոգիների ամենախոր շերտերը, դարձել մարդու էության կարևոր բաղկացուցիչներից: Եթե խեղաթյուրվում են արժեքները, նշանակում է մոտ է Աստծո մահը, որը նույնն է, թե միայնությունը, թեկուզև դրախտում:

 

Ոտքի՛,

դատարանն է գալիս

կհնչի խրոխտ ձայնը վերևից

ու կիսասոված ծանր քայլերով

դանդաղ կսահի մահը գլխիկոր

Դուք հանցագործ եք

մարդասպան

դահիճ

դաժան մանկապիղծ

Դուք սրիկա եք

ոճրագործ անխիղճ(էջ 72):

 

Եվ եթե հարկ լինի, Աստված անգամ նախքան պահանջատեր լինելը պետք է արդար լինի մարդու առջև, որը նախևառաջ կարեկցանք է, գութ, ու զոհաբերում, իսկ զոհասեղանին մոտեցողը պետք է վստահ լինի, որ իր համար ևս ինչ ­որ մեկը պատրաստ է ինքնազոհողության, այնինչ Տերը՝ զավակի ձեռքով սպանված է, երիցս խաչված ու լքված է, խռով է, հիվանդ է, մթնած վհատ ու հուսահատված է (էջ 80-81):

 

Սակայն կյանքի անցողիկությունը անընդհատ հետապնդում է մարդուն: Նա գիտի իր անկատար գոյության մասին, բայց միևնույն ժամանակ անհաշտ է կյանքի անցողիկության հետ:

Մարիաննա Տեր-Կարապետյանը «Անկետադիր» շարքը կարծես մտերմիկ զրույց լինի ընթերցողի հետ: Այս շարքն իր հերթին կյանքի արտաքին հոգսերն է պատկերում, քաղաքի մերկ փողոցներում ասես շրջում է բանաստեղծուհու միտքը և անցողիկ կյանքը դառնում է անսահման իրողություն։

Ներկայի երգեր են ասես գրքի այս բաժնում, սակայն այդ ներկան էլ դառնում է այն անսահմանությունը, որը մարդուն տալիս է հավերժության պատրանքը։

 

Մեծ մի աղքատություն հոսում է

պատուհաններից

ու քաղաքը կուչ գալով նիրհում

ամենը մշուշում է

մայթ կրպակ ու բակ

լուսամփոփը[1] հերթական լույսն է փոխում

կանաչ

ու ոչ ոք չի անցնում... (էջ 111):

 

Ամբողջ գիրքն է անկետադիր, սակայն հեղինակը այս շարքն է շեշտում իբրև անկետադիր, քանզի կյանքն է դառնում անկետադիր։

Մարիաննա Տեր-Կարապետյանի «Նամակներ լույսին» ժողովածուն հույս է ներշնչում, որ գրական ասպարեզ է մուտք գործում շնորհաշատ անհատականություն, ում տողը մի օր դառնալու է ճանաչելի: Մնում է, որ ճանապարհին չընկրկի, ազատ մտածողությունն ու հանդգնությունն ամենաթողության չվերածվի, չգայթակղվի այսօրվա գրական դաշտում համատարած տիրող ցուցանքով, որն անբովանդակ ձևապաշտություն է սոսկ: Հարկ է, որ կատարելագործի իր գիրն ու, վստահ եմ, ի վերուստ տրված շնորհը նորանոր ձեռքբերում ներով հանգրվաններ կունենա»,- խոսքն ավարտեց պարոն Ավանեսյանը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31