Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստա՞հ եք, որ «ապագա կա»՝ ներկայի հետ այսպես անմիտ վարվելուց հետո: Այդքա՜ն կուրանալ, որ չտեսնել, թե ինչ արհավիրքի մեջ է երկիրը»

Մարտ 13,2025 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Անասելի տհաճ, եթե չասեմ՝ զզվելի է իշխանատենչությամբ (ցավոք, ոչ իշխանափոխությամբ) տառապողների ջանասիրությունը՝ օրնիբուն Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի վրա ցեխ շպրտելու, անպտուղ, ճղճիմ բանավեճի մեջ ներքաշելու, երբ թիրախը պետք է անփոփոխ ու մեկը լիներ: Մոռանում են անգամ նայել ու տեսնել, թե ոնց են այդ պահին ցեխոտել իրենց ձեռքերը, դա դեռ ոչինչ, բա հոգիները:

Այդքա՜ն կուրանալ, որ չտեսնել, թե ինչ արհավիրքի մեջ է երկիրը, որտեղ վաղը, այսպես շարունակվելու դեպքում, իրենց համար այդ բաղձալի աթոռը դնելու հողն էլ չի լինելու: Լավ, ինչի՞ կռիվ եք տալիս, ի՞նչ եք անում, ինչի՞ համար եք անում, ինչո՞ւ եք հիմա դա անում, ո՞վ է շահում ձեր կույր հաշվարկից, ի՜նչ մի այդպես ոգևորվել եք:

Մաղձն ու չարությունն անհատնո՞ւմ է: Առաջնայինն ու երկրորդականը զանազանելը այդքան բա՞րդ է, թե՞ ապագա ընտրություններում աթոռի տեսիլքը այն աստիճան է մշուշել ուղեղներդ, որ կորցրել եք իրականության զգացողությունը: Այդքան վստա՞հ եք, որ «ապագա կա»՝ ներկայի հետ այսպես անմիտ վարվելուց հետո:

Նայեք ձեր շուրջը, տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, ա՛յ անհիմն ոգևորվածներ: Հիմա էլ տեղից վերկացողը պահպանողականությունից է խոսում: Մի արշավ էլ դուք սկսեք՝ «պահպանողականությունը նորաձև է» խորագրով: Ինչո՞վ եք պակաս:

Ախր, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ այս օրերին:

Վստահ եմ՝ առողջ բանականությամբ շատերը ցավ են ապրում այս ամենի ականատեսը դառնալով, ոմանք էլ անթաքույց հրճվանքով ձեռքերն են տաքացնում, ուրիշները, առհասարակ, անտարբեր ու անհաղորդ են: Ցավոք, մնալու են ծանր նստվածքը, կեղտոտ ձեռքերն ու հոգիները:

Հ.Գ.-պահպանողական ՀՀԿ-ի պահպանողականությունն էլ ձեզ, Հանրապետական վարչապետների գլխավորած կառավարությունների տնտեսական ցուցանիշներն էլ ձեզ, ամենը՝ ձեզ, եթե դա ձեզ այդքան անհրաժեշտ է, միայն վերադարձեք սահմռկեցուցիչ իրականություն, գրո՛ղը տանի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31