Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Ընդդիմադիր պատգամավորների նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2025 թվականի համար 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար 100 տոկոսի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մասով, մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 2025 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է հարկի գումարի 75 տոկոսի չափով։
Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ արդեն իսկ հարկվում են նաև ցածր արժեքով բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք մինչ այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն։ Բացի այդ, նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեցտարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ, և արդեն իսկ անտանելի է դարձել հատկապես անապահով խավի քաղաքացիների համար: Այսինքն՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը։
Կառավարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ 2026 թվականի անշարժ գույքի հարկի ներուժը 2026 թվականի կանխատեսվող ՀՆԱ-ի նկատմամբ գնահատվում է շուրջ 0.35 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է համեմատաբար ցածր լինել։
«Անշարժ գույքի հարկը սեփականության հարկ է, և այդ հարկի գծով պարտավորությունների չափն ուղղակի պետք է կախված լինի գույքի արժեքից: Այսինքն, որպես հարկատեսակ, դրա մեծությունը չպետք է կախված լինի գույքի սեփականատեր հանդիսացող անձի սոցիալական կամ այլ կարգավիճակից։ Այս առումով հայտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկության նպատակադրումը չի բխում անշարժ գույքի հարկի ընդհանուր տրամաբանությունից և սկզբունքներից: Ներկայացված դիտարկումների շրջանակում հարկ է նկատել, որ ներկա փուլում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդմանը և ֆիսկալ ապակենտրոնացմանն ընդհանրապես»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Կարդացեք նաև
Կառավարության նիստում կառավարության եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փոփոխությամբ ՀՀ պետական բյուջեն զրո եկամուտ է ստանում։ Գույքահարկի բարձրացման եկամուտը ստանում են համայնքները։ «Եվ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն սեփական եկամուտները 2019 թվականից այսկողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում՝ այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքների բյուջեներն ավելացել են։ Սա այն դեպքն է, երբ բառիս բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք՝ հարկային քաղաքականությունը գումարը աջ գրպանից հանել ձախ գրպանը դնելն է եւ հակառակը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ