Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում բացասական եզրակացություն տվեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի հեղինակն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն է։ Նախագծով ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:
Ըստ «Հայաստան» խմբակցության հիմնավորման՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարություն, անիմաստ պարտավորություն և տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ գործընթաց: Նշվում է նաև, որ առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը:
Սակայն կառավարությունը երկար հիմնավորում է գրել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ներդնել ֆիզիկական անձանց հայտարարագրերը։ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է»,- նշված է կառավարության եզրակացության մեջ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ