Մարտի 11-ին caliber.az-ը հերթական նմանօրինակ հոդվածն էր հրապարակել՝ իբր Հայաստանը «վերջին նախապատրաստություններն է տեսնում պատերազմի»:
Ավելին, հղում անելով իր «վստահելի» աղբյուրներին, caliber.az-ն ավելի հեռուն է գնացել և «հայկական կողմի նախաձեռնությամբ պատերազմի սկսման» ժամկետ նշել է ապրիլը: Այսինքն, Ադրբեջանը շատ հստակ պատրաստվում է պատերազմի, և սրանք զուտ խոսքեր չեն, և ոչ էլ սովորության համաձայն՝ Ադրբեջանի մեղադրանքները հակառակ կողմից դիտարկելու փորձ:
Հավելենք, որ 168.am-ի հետ զրույցում դեռ 2024 թվականի հոկտեմբերին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով այդ օրերին ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանի հայտարարությանը, թե՝ «այս պահին էսկալացիայի վտանգ չկա», նշել էր.
«Ես կարող եմ եզրակացություն անել բացարձակապես միայն բաց տվյալներից ելնելով: Եվ դրանց հիման վրա իմ գնահատականն այս պահի դրությամբ հետևյալն է՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին կամ շատ լարված է, եթե ընդհանուր վերցնենք: Եվ սա հատկապես կապված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչի ազդեցությունը կզգացվի նաև Հայաստանի վրա: Բավականին խնդրահարույց է նաև Վրաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Բայց, իմ գնահատմամբ, մինչև Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29) լուրջ դեպքերը քիչ հավանական են, դրանից հետո սարերում կամ լեռնային տեղանքում եղանակային պայմաններից ելնելով՝ որևէ գործողություն իրականացնելը բավականին դժվար կլինի: Ուստի կարող եմ կանխատեսել, որ որոշակի զարգացումներ կլինեն 2025 թվականի ապրիլի կեսերից հետո (կախված նաև եղանակային պայմաններից) մինչև մայիսի վերջ կամ հունիսի կեսեր:
Կարդացեք նաև
Սա պայմանավորված կլինի ոչ միայն եղանակային պայմաններով, այլև մեր երկրում ներքաղաքական վիճակով: Եվ այդ ընթացքում որևէ փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ, դա նույնպես ազդեցություն կունենա էսկալացիա լինել-չլինելու վրա: Կրկնում եմ՝ եթե զարգացումներ ընթանան տարածաշրջանում, համապատասխան իրավիճակ ստեղծվի, 2025 թվականի գարուն-ամռան սկիզբ էսկալացիա հնարավոր է, կանխատեսելի է»:
Դիտարկմանը՝ «Դուք եղել եք Գլխավոր շտաբի պետ, պատերազմ, էսկալացիա լինել-չլինելու գնահատական ինչի՞ հիման վրա եք տվել, ի՞նչ գործոններ եք հաշվի առել», Արտակ Դավթյանը պատասխանել էր.
«Գործոնները բազմազան են, բայց սովորաբար նման գնահատական մշակվում է՝ առաջին հերթին հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը և նրա զարգացման միտումները:
Ընդ որում, ինչպես արդեն նշեցի, կարևոր են ոչ միայն ՀՀ-ում, այլև հարևան երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակը և նրանց շուրջ զարգացումները՝ Իրան, Վրաստան: Իհարկե, եթե Ադրբեջանում և Թուրքիայում զարգացումներ լինեն, դրանք ևս կազդեն տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրա: Այս իրավիճակի վերլուծությունը պետք է կատարվի և կատարվում է:
Երկրորդ՝ ԳՇ-ն իր գնահատականում հաշվի է առնում բաց աղբյուրներից ստացվող տվյալները, որոնք փորձում է համադրել վերլուծություն անելիս, և երրորդ, էսկալացիա լինել-չլինելու գնահատականը հիմնվում է հետախուզական տվյալների հիման վրա՝ դա կլինի անմիջապես ստացվող ԳՇ հետախուզական մարմիններից, դա կլինի ՀՀ անվտանգային մյուս կառույցներից ձեռք բերված, մասնավորապես՝ ԱԱԾ-ից, կամ այլ մարմիններից: Եվ այս ամենի համադրումն իրականացվում է Գլխավոր շտաբում, որի հիման վրա կանխատեսումներ են իրականացվում և ներկայացվում առաջարկություններ»:
Իսկ 2024թ. հոկտեմբերից հետո տարածաշրջանային և աշխարհաքաղաքական այլ զարգացումներ են եղել, որոնք ևս կարող են Հարավային Կովկասի վրա ազդեցություն ունենալ:
Դեռ չենք ասում, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար գլխավոր խնդիրն է՝ ցամաքային կապ ունենալ իրար հետ, և, իհարկե, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը:
Այնպես որ՝ տարածաշրջանում և Հայաստանի շուրջ լուրջ զարգացումներ են սպասվում, Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական սցենարով հարցերի կարգավորման իր ձեռագրից, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ներքաղաքական, ներկուսակցական հարցերով՝ փորձելով նախկինների դեմ գործեր հարուցելով ցույց տալ, որ կատարում է «թավշյա հեղափոխության» ժամանակ տված խոստումները։
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։