Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական քարոզչամեքենան դա կներկայացնի որպես խաղաղության հաստատում, «պայծառ» ապագա, բայց՝ թուրքական կիսալուսնի ներքո. Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»

Մարտ 13,2025 11:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն արձանագրում է՝ նախկինում էլ են թուրք լրագրողներ ժամանել Հայաստան, բայց մի քանի կարեւոր հանգամանք կա, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Նախ, նախկինում առանձին թուրք լրագրողներ կամ խմբեր Հայաստանում հարցազրույցներ են արել թուրքական կողմի նախաձեռնությամբ: «Ես՝ ինքս, մի քանի անգամ տեսել, մասնակցել եմ այդ այցերին, տեսել եմ երկրորդ նախագահի հարցազրույցը, երրորդ նախագահի հարցազրույցը, վարչապետների, ԱԳ նախարարների կամ փոխնախարարների հարցազրույցները, երբ թուրքական կողմն էր շահագրգիռ խոսել հայ պաշտոնյաների հետ: Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանն այն ժամանակ շահեկան դիրքում էր, հաղթած պետություն էր, եւ այն հարցերը, որոնք տրվում էին թուրք լրագրողների կողմից, ստանում էին բավականին կոմպետենտ եւ հայկական շահերն ու կարմիր գծերը հաշվի առնող պատասխաններ, որին հետեւում էին թուրքական ԶԼՄ-ների աղավաղումները: Դա, կարելի է ասել, ընդունված պրակտիկա էր, երբ փորձում էին աղավաղել հայ պաշտոնյաների խոսքերը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե նրանք կարող են հետքայլ կատարել ցեղասպանության կամ Արցախի հարցում: Սա կարեւոր հանգամանք է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ընդգծում է Մելքոնյանն ու շարունակում՝ տեղեկությունը, թե այս նախաձեռնությունը հայկական կողմինն է, վկայում է, որ իշխանությունը փորձում է թուրքական հասարակությանն ու իշխանություններին մեսիջներ փոխանցել:

«Հիմա ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչ մեսիջներ են լինելու այդ հարցազրույցում, երբ այն ամբողջությամբ կամ դրվագներով հրապարակվի: Արդեն իսկ Փաշինյանն իր տարբեր ելույթներում ու հարցազրույցներում հրապարակել է իր պատկերացումները ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների ու Արցախի մասին, եւ, բնականաբար, չկա որեւէ երաշխիք, որ այդ ամենը չի ասվել թուրքական ԶԼՄ-ներին: Թե դա ինչպես է արտացոլվելու թուրք հասարակության պատկերացումներում, ցավոք, դրական լույսի ներքո դիտարկել չենք կարող: Ես սպասում եմ, թե ինչ շոկային տարրեր են հայտնվելու այդ հարցազրույցում, եւ հերթական անգամ  թուրքական հասարակության մոտ ինչ ոգեւորության պոռթկում է լինելու Հայաստանի ներկա վիճակի հետ կապված»,- մտահոգվում է Ռուբեն Մելքոնյանը:

ԶԼՄ-ները Թուրքիայում իշխանական ենթակայության տակ են, հետեւաբար, այդքան լրագրողի այցը Հայաստան պարզապես չէր կարող լինել առանց թուրքական իշխանությունների թույլտվության կամ հրահանգի, ինչը խոսում է Անկարայի ու Երեւանի միջեւ պայմանավորվածության կամ ընդհանուր խաղի մասին:
«Դա կարող է լինել թուրք-ադրբեջանական պահանջների հերթական իրականացումը, կարող է լինել Ադրբեջանի հետ պայմանագրի չլուծված հարցերի շուրջ պայմանավորվածություն, կարող է լինել ինչ-որ փաստաթղթի ստորագրություն, բայց այն, որ դրանք չեն կարող բխել Հայաստանի շահերից, ասում եմ ոչ թե նրա համար, որ այս իշխանություններն անընդունելի են ինձ համար, այլ ասում եմ, որովհետեւ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, պարտված իշխանության պայմաններում Հայաստանի ունեցած ռեսուրսները թույլ չեն տալիս, որ լինի այնպիսի լուծում, որտեղ Հայաստանը կարող է շահեկան դիրքերում հայտնվել: Առավել քան վստահ եմ, որ իշխանական քարոզչամեքենան դա կներկայացնի որպես ձեռքբերում, որպես խաղաղության հաստատում, խնդիրների լուծում եւ «պայծառ» ապագա, բայց՝ թուրքական կիսալուսնի ներքո»,- եզրափակում է Ռուբեն Մելքոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31