«Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողությունը կորցնելուց հետո հայկական իշխանությունները որոշել են փոխել արտաքին քաղաքականության կուրսը»։ Այս մասին ԵՄ խորհրդարանում կեսգիշերն անց «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորումն ու շինծու դատավարությունները» քննարկման ժամանակ ասել է լեհաստանցի Միխալ Շչերբան։
Լեհ պատգամավորի խոսքով՝ որպեսզի ՀՀ-ն ավելի ինտեգրվի Արեւմուտքի հետ, ԵՄ-ն պետք է խորացնի տնտեսական կապերը Հայաստանի հետ։ Նա Հայաստանում եվրոպական ավելի ակտիվ ներկայության կոչով է հանդես եկել՝ այդ համատեքստում առաջարկելով կրկին երկարաձգել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատի ժամկետը։
Բաքվում ապօրինաբար պահվող հայերի առնչությամբ էլ Շչերբան նշել է․ «Կալանավորների խոշտանգումների մասին տեղեկությունները չեն կարող անտեսվել։ Մենք պետք է պայքարենք հանուն մարդու արժանապատվության եւ օրենքի գերակայության, որոնք եվրոպական արժեքներ են»։
Կարդացեք նաև
Հայ պատանդներին ազատ արձակելու մեկ տասնյակից ավել պատգամավորների ակնհայտ հայամետ դիրքորոշումներին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չմիացավ։
«Տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները մտահոգություն են հայտնել դատավարությունների արդարության եւ մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի հարցերով։ Մենք այս մտահոգություններին շատ լուրջ ենք վերաբերվում եւ հետեւում ենք զարգացումներին», – հայտարարել է էներգետիկ եւ բնակարանային հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը։
Թեեւ նա կոչ արեց հարգել կալանավորների իրավունքները, այդ թվում՝ արդար դատաքննության, 23 հայ պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին խոսք չեղավ։
«Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությունները ավելի ընդգրկուն հարցի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության, մաս են կազմում․․․մենք պատրաստ ենք աջակցել կողմերին տեւական եւ կայուն խաղաղություն հաստատելուն միտված իրենց երկխոսությանը», – ընդգծել է պաշտոնյան, ըստ էության՝ հավասարության նշան դնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ