Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է. «Փաստ»

Մարտ 13,2025 10:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց», «քաբաբ առ քաբաբ» վերադարձնելուց ու նման բաներից՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է, այլ ոչ թե ծայրահեղ կամ ավտոտնակների տանիքների վրայով քայլող արմատական ընդդիմադիր:

Ինչն է բնութագրական. թե՛ 2018-ի դեկտեմբերի, թե՛ 2021-ի հունիսի ընտրության պաշտոնական արդյունքներով «հաստատված» այդ ծրագրերը գերազանցապես չեն կատարվել, իսկ վերջինը արդեն չի էլ կատարվի: Ավելին, 2021-ին ՔՊ-ի ներկայացրած նախընտրական ծրագիրը, որ նույն թվականի օգոստոսին ամրագրվել է որպես «ՀՀ կառավարության 2021-25 թթ. գործունեության ծրագիր», ոչ միայն չի կատարվել ու չի կատարվի, այլև առնվազն Արցախի, ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կետերով «կատարվել» է տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Փաշինյանը խոստացել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, արել է առավել քան հակառակը՝ հայաթափել է Արցախը, ուրացել է այն և հանձնել է թշնամուն: Փաշինյանը խոստացել է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բայց ծայրահեղորեն փչացրել է դրանք, և այդպես շարունակ: Ցանկը չափազանց երկար է: Այսինքն, բնութագրականն այն է, որ Փաշինյանը ընտրություններում ագրեսիվ հայտարարություններ անելուց բացի, ներկայացրել է նաև ինչ-ինչ ծրագրեր, որոնք սակայն չեն կատարվել, ավելին՝ գործնականում արել է «ծրագրածի» տրամագծորեն հակառակը:

Արդեն հպանցիկ նշեցինք, բայց այստեղ հատուկ ու ևս մեկ անգամ ընդգծենք. 2018 թվականից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետի պաշտոնում: Նա, իհարկե, կարող է ասել, թե 2021-ին իբր հրաժարական էր տվել, բայց դա պարզամիտ-դյուրահավատների համար նախատեսված էժանագին «կուտ» է: Իրականում բոլորն էլ լավատեղյակ են, որ նա այդ ամբողջ ընթացքում, բացառությամբ թերևս 2020 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերվա, մշտապես տիրապետել է իր պաշտոնի ընձեռած բոլոր հնարավորություններին ու լծակներին: Անգամ… պաշտոնի չընձեռած հնարավորություններին, նկատի ունենք՝ դատավորների ու դատական իշխանության վրա ամենաուղղակի ճնշումները:

Այնպես որ, վերջին 7 տարվա անխտիր բոլոր ընտրություններում ամենավայրագ ու գռեհիկ ձևով շահագործվել ու չարաշահվել է վարչական ռեսուրս ասվածը: Հիմա էլ է չարաշահվում ու չարաշահվելու է: Մյուս կողմից՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ անհնար է դուրս չբերել փաշինյանական իշխանության համար բնութագրական այն հանգամանքը, որը կարելի է բնորոշել որպես ընտրողների կամքի և կատարած ընտրության բռնաբարում՝ այլասերված եղանակներով: Մի ամբողջ շարք խոշոր համայնքներում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պարտվել են ընտրություններում: Սակայն դրանից հետո, Փաշինյանի գլխավորությամբ, պետական մարմիններն օգտագործվել են ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ ամենաիսկական տեռոր ու բռնաճնշումներ իրականացնելու նպատակով:

Ամենից ցցուն օրինակը Վանաձորում կատարվածն էր: Չնայած, նմանօրինակ դրսևորումներ եղան մի քանի այլ համայնքների դեպքում ևս, իսկ Գյումրիում էլ որոշվեց իշխանությունը գրավել՝ քաղաքապետի որդու դեմ քրեական հետապնդմամբ ճնշում գործադրելու միջոցով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31