Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվից գազ գնելը նույնքան անցանկալի չէ՞, որքան Մոսկվայից»․ հայ պատանդների հարցով հրատապ քննարկում Եվրախորհրդարանում

Մարտ 13,2025 09:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ժամանակով կեսգիշերն անց Եվրախորհրդարանում՝ Եվրոպական Միության օրենսդիր մարմնում կայացավ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորումն ու շինծու դատավարությունները» թեմայով հրատապ քննարկումը։ Համանուն, հատուկ անհետաձգելի թեմայով բանաձեւը (Resolution on Special Topical Subjects) այսօր 15:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կդրվի քվեարկության։

Քննարկման ընթացքում եվրապատգամավորները խիստ քննադատության էին ենթարկում ալիեւյան ռեժիմին ինչպես Արցախի էթնիկ զտման եւ հայերի դեմ ապօրինի դատավարությունների, այնպես էլ սեփական քաղաքացիներին բռնաճնշումների ենթարկելու եւ քաղաքացիական ազատությունները շրջանցելու համար։

Ֆրանսուա Խավիեր-Բելամի

Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Ֆրանսուա Խավիեր-Բելամին հարց ուղղեց Եվրահանձնաժողովի էներգետիկ եւ բնակարանային հարցերով հանձնակատար Դան Յորգենսենին, որը ներկա էր նիստերի դահլիճում։ «Ինչպե՞ս ենք արդարացնում հանցագործներին։ Բաքվից գազ գնելը նույնքան անցանկալի չէ՞, որքան Մոսկվայից»։

Յորգենսենն ի պատասխան սահմանափակվեց ընդհանրական մտահոգություններ հայտնելով։ «Ադրբեջանը պարտավոր է հարգել արդար դատավարության եւ արժանապատիվ ու անվտանգ պայմանների ապահովման իրավունքները», – ասաց եվրոպացի պաշտոնյան եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին կոչ արեց առաջ մղել խաղաղությանն ուղղված բանակցությունները։ Հայ պատանդներին ազատ արձակելու որեւէ հստակ պահանջ չհնչեց նրա կողմից։

Ելույթով հանդես եկած մեկ տասնյակից ավելի եվրապատգամավորների խոսքերից անմասն չմնացին Բաքվում պահվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու, Հայաստանին աջակցելու, ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը փրկելու կոչերը։

Ֆրանսիացի Նատալի Լուազոն, որը պիջակին Հայաստանի դրոշն էր փակցրել, իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը խաղաղության է ձգտում, բայց հարեւան Ադրբեջանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ այդ ճանապարհին։ Նա չմոռացավ նշել, որ Բաքուն ագրեսիվ է տրամադրված իր երկրի հանդեպ եւս։

Որոշ պատգամավորներ նաեւ զուգահեռներ տարան Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես ագրեսոր պետություններ։

Իսպանացի Պերնանդո Բարենա Արսան, օրինակ, նիստին ներկա չգտնվող ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին հարցրեց՝ Եվրահանձնաժողովը Իլհամ Ալիեւի դեմ պատժամիջոցներ կկիրառի, ինչպես դա արել է Վլադիմիր Պուտինի դեմ։

Ի թիվս այլ արձանագրումների՝ առաջարկվող բանաձեւում դատապարտվում է «Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անհիմն կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները» եւ պահանջում «նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31