Մարտի 6-ին «168 ժամը» գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.
1. 42 միլիոնի զենքի գործը ի՞նչ փուլում է, կարճվե՞լ է, թե՞ նախաքննություն է ընթանում, եթե նախաքննություն է ընթանում, ապա մոտավորապես ե՞րբ կհայտարարվի նախաքննության ավարտ:
2.Այս գործով անցնող Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը շարունակո՞ւմ է անցնել այս գործով, թե՞ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է:
3.Ի՞նչ է պարզել նախաքննությունը մինչև այս պահը, ապացուցվե՞լ է գնված զենքի մետաղաջարդոն լինելը, ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ 42 միլիոն դոլար արժողությամբ զենքին:
Կարդացեք նաև
4.Պաշտոնատար որևէ անձ ցուցմունք տվե՞լ է այս գործով, եթե այո՝ ովքե՞ր:
5-օրյա ժամկետում ՀՀ քննչական կոմիտեն պատասխան գրություն է ուղարկել, որում նշվում է.
«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 6-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված (հարուցված) քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:
Ներկայումս քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան:
Հաշվի առնելով քրեական վարույթի նախաքննության բարդությունը և մեծածավալ լինելու հանգամանքը՝ նախաքննությունը դեռևս շարունակվում է:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր հարցմանն առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
Իսկ 2020թ. մարտին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։
Այսինքն՝ 5-6 տարի է, այս գործով նախաքննություն է ընթանում, և, ըստ էության, ոչ մի լուրջ արդյունքի չի հասել Փաշինյանի իշխանությունը:
Ինչ վերաբերում է գնդապետ Վահան Ավետիսյանին, ապա նա այս գործի շրջանակում Ազգային Անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էր Նիկոլ Փաշինյանի 2020թ. մարտին արված հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:
Ավելին, Վահան Ավետիսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ընդգրկվել էր՝ որպես փորձագետ, և այսօր, մեր տեղեկություններով՝ շարունակում է իր փորձագիտական աշխատանքը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում։ Այսինքն՝ ըստ էության, խորհրդատվա-փորձագիտական «գործ» է կատարել նաև 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում:
Ստացվում է՝ 42 միլիոնի զենքի գործը փակուղի է մտել, իշխանությունները չեն ապացուցել այդ զենքի մետաղաջարդոն լինելը, անգամ միակ մեղադրյալի նկատմամբ գործը կարճել են, բայց նախաքննությունը շարունակում են և գործը չեն փակում առհասարակ:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում