Ստացվում է, որ մինչեւ մեղադրյալին նոր հանրային քրեական հետապնդում հարուցելը նրան մեղսագրվել է նաեւ ծանր հանցագործության կատարում, նոր հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո միջին ծանրության
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի Էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սոֆյա Խլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտոնը եւ հանդիսանալով կազմակերպության անունից հանդես գալու լիազորություն ունեցող, համայնքի բնակիչներ, ամուսիններ՝ Լարիսա Թովմասյանի եւ Նորավանդ Բադեյանի դրդմամբ, դպրոցում 2015 թվականին որպես վառարան վառող հնոցապաններ աշխատանքի է ընդունել ամուսիններին, նրանց հետ՝ 2015-2018 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 30-ի համար կնքելով աշխատանքային պայմանագրեր:
2018 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրերը լուծվել են նույն թվականի նոյեմբերի 1-ին: Ամուսիններն աշխատանքի չեն հաճախել, իսկ տնօրենը, ըստ մեղադրանքի, նրանց բացակայության փոխարեն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներկայությունները հաստատելով՝ պաշտոնական շրջանառության մեջ գտնվող եւ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելով, դրանց մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, որ իբրեւ վերջիններս նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի, ապա հաստատած կեղծ փաստաթղթերը մուտքագրել է միասնական տեղեկատվական համակարգ եւ այդ կերպ՝ հափշտակել է նույն կազմակերպությանը պատկանող գումարը:
Սոֆյա Խլոյանին մեղսագրվել էին արարքներ, որոնք նախատեսված են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Խլոյանը, որպես պահակ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող Տարոն Կարապետյանի կողմից՝ նրա բացակայության փոխարեն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներկայությունը հաստատելով պաշտոնական շրջանառության մեջ գտնվող եւ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղել է, դրա մեջ մտցրել էր կեղծ տեղեկություն, ապա հաստատած կեղծ փաստաթղթերը մուտքագրել է միասնական տեղեկատվական համակարգ եւ այդ կերպ Տարոն Կարապետյանի անվամբ դուրս է գրվել խոշոր չափի՝ 1.015.167 դրամ գումար:
Քննության առնելով Սոֆյա Խլոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին՝ չհեռանալու մասին ստորագրությանը, դատարանը (Գիվի Հովհանիսյան) գտել էր, որ կիրառված խափանման միջոցը պետք է վերացնել։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո քրեական վարույթը ենթակա է կարճման՝ վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառվելու հիմքով։
Դատարանի որոշմամբ Սոֆյա Խլոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (երկու դրվագ) եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով), կիրառված խափանման միջոցը՝ «ստորագրություն չհեռանալու մասին» վերացվեց:
Վարույթը կարճվեց՝ «վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու» հիմքով։
2024 թվականի փետրվարի 2-ին լսվել է բողոքաբերի վերաքննիչ բողոքը: Բողոքաբերը խնդրել է բեկանել վիճարկվող որոշումը, եւ վարույթը փոխանցել դատական ակտը կայացրած դատարան՝ նոր քննության:
Նա նշել է. «Գտնում եմ, որ ՀՀ հակակոռուցիոն դատարանի որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների բնույթից, բովանդակությունից ու պահանջներից, դրանով թույլ են տրվել նյութական օրենքի եւ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, ուստի նշված որոշումը ենթակա է բեկանման հետեւյալ պատճառաբանությամբ. ցանկանում ենք արձանագրել, որ Սոֆյա Խլոյանի կողմից մեղսագրվող ենթադրյալ հանցանքները կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում։
Արդեն նոր մեղադրանքի պայմաններում, որը ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո եւ օրենքի ուժով մեղադրյալին վերագրվող արարքը դարձել միջին ծանրության, դատարանը որոշումը կայացրել է այլ տրամաբանության մեջ, մինչդեռ, տվյալ պարագայում թեեւ Սոֆյա Խլոյանին մեղսագրվում են արդեն ոչ մեծ, միջին ծանրության հանցանքների կատարում, այդուհանդերձ, դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործող օրենքով ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների համար օրենսդիրը նախատեսել է համապատասխանաբար 3 եւ 10 տարի վաղեմության ժամկետներ: Ստացվում է, որ մինչեւ մեղադրյալին նոր հանրային քրեական հետապնդում հարուցելը նրան մեղսագրվել է նաեւ ծանր հանցագործության կատարում, նոր հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո միջին ծանրության, սակայն վաղեմության ժամկետները նույնն են, որոնք 10 տարի են եւ երկու պարագայում էլ ըստ էության մեղադրյալի համար որեւէ բարելավող փոփոխություն այս առումով տեղի չի ունեցել:
Դատարանի վիճարկվող որոշման տրամաբանությամբ ստացվում է, որ ներկայիս մեղսագրվող արարքների պայմաններում կիրառվել են 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները, ինչն ինձ, որպես հասցեատիրոջ համար, ընդունելի չէ, քանի որ ներկայիս կարգավորումներից նախկինին անցնելը տվյալ պարագայում՝ վաղեմության ժամկետների առումով, ճիշտ չէ եւ առհասարակ անհասկանալի է դատարանի այդ նման մոտեցումը, դատարանն այդ հարցը՝ արդեն նոր մեղադրանքի պայմաններում, պետք է քննարկեր գործող կարգավորումների համատեքստում, քանի որ մեղադրյալի համար արդեն իսկ կիրառվել է հետադարձ ուժը բարելավող իմաստով»: Վերաքննիչ դատարանը հակակոռուպցիոն դատարանի որոշումը թողեց անփոփոխ:
Վճռաբեկ դատարանն անցած տարվա մայիսի 22-ին վարույթ ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի բողոքը:
Մարտի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը հրապարակեց որոշումը:
Վճռաբեկ բողոքով դատախազի տեղակալը նշել էր, որ ստորադաս դատարանները կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի այն կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից կատարված արարքը երբեւէ չի համապատասխանել եւ չէր կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը:
Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել Խաչատուր Պետրոսյանի եւ Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործերին, քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն՝ «այդ հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ»: Եվ որ արարքը պետք է գնահատվի գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վճռաբեկ դատարանը նշել է գումարը՝ 4. 410. 274 ՀՀ դրամի չափով՝ գույքը հափշտակելու հանցանքը, հիշեցրել, որ օրենսգրքով հափշտակության առանձնապես խոշոր չափ է հինգ միլիոն դրամը գերազանցող գումարը, ինչի համար էլ արարքը համարվել է միջին ծանրության հանցագործություն:
Մարտի 10-ին Վճռաբեկ դատարանը որոշեց վճռաբեկ բողոքը մասնակի բավարարել, 4. 410. 274 ՀՀ դրամի հափշտակության դրվագով վարույթը կարճելու որոշումը բեկանել, այն փոխանցել կրկին ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ որ քննության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2025