Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար` չի նշանակում շրջել բանակցությունների սեղանը, կամ վերջնագրեր ներկայացնել

Մարտ 13,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Սա պետություն ունեցող ազգի իրավունքների ու արժանապատվության հարց է

Բաքվում ընթացող շինծու դատավարություններից տարածված լուսանկարների, տեղեկատվությունների ֆոնին Հայաստանում ուժգնացած քննադատությունների ֆոնին Հայաստանի իշխանությունների կողմից որոշ հայտարարություններ հնչեցին: Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ էր ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում եւ նշել էր. «Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները»։

Ժնեւ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ ԱԳՆ-ի հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Միրզոյանն անդրադարձել է` «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին, ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ»։

Փետրվարի 25-ին Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել էր ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս հանդիպմանն էլ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել էր Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման կարեւորությունը։

Փետրվարի 28-ին, երբ հայտնի էր, որ ՀՀ ԱԳՆ-ի շենքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու` ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, նշելով. «Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների եւ նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:

Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի եւ այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ:

Հայազգի ռազմագերիները, պատանդները եւ այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների եւ միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնեւի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում էր. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների եւ հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի եւ ողջ հասարակության համար։ Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:

Ամենից զատ եւ առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին եւ միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում եւս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ»:

Նույնիսկ Հայաստանի իշխանությունների դրսեւորած դանդաղկոտության պայմաններում անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայերին անհապաղ ազատ արձակելու հարցին: Մարտի 3-ին՝ Ժնեւում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած զեկույցում Վոլկեր Տյուրկը նախ նշել էր, որ հետեւում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման եւ հաշտեցման գործընթացին»։ Ապա նա անդրադարձել էր Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, ներառյալ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, եւ արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։

Արարատ Միրզոյանն օրերս Նյու Դելիում անդրադարձել է նաեւ Բաքվում պահվող հայ գերիներին, շեշտելով՝ չլուծված հումանիտար խնդիրները խոչընդոտում են խաղաղության գործընթացին: «Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները եւ պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման եւ տեւական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին», նշել է նա:

Իսկ Ադրբեջանից շարունակվում են ստացվել մտահոգիչ տեղեկություններ, մասնավորապես հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակում է իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը: Կարմիր խաչի կոմիտեն միակ կազմակերպությունն է, որի միջոցով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ընտանիքները հնարավորություն ունեն որեւէ տեղեկություն ստանալ կամ կապ հաստատել գերության մեջ գտնվող իրենց հարազատի հետ, նաեւ ծանրոց ուղարկել նրանց։

Ըստ Ադրբեջանի կառավարության հիմնավորման՝ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի գործունեության կարիքը չկա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն նաեւ մեղադրանքներ ունի ուղղված Կարմիր խաչի գրասենյակին։ Նշում էին, թե առանց Բաքվին տեղյակ պահելու նրանք գրասենյակ են բացել Ստեփանակերտում, ապա հրաժարվել փակել այն։ Բացի այդ, պնդել էին, իբրեւ թե կազմակերպության ներկայացուցիչները «մաքսանենգությամբ են զբաղվել»՝ Կարմիր խաչի շտապօգնության մեքենաներով մաքսանենգ ապրանքներ են տեղափոխել։ Բաքուն մարդասիրական կազմակերպության աշխատակիցներին մեղադրում է նաեւ Հայաստանի օգտին լրտեսության համար։

Կարմիր խաչի գրասենյակը նախորդ տարի փակվեց նաեւ Արցախում, այդ ժամանակ Բաքուն հայտարարեց, թե գործունեությունը կշարունակեն Բարդայի գրասենյակից։ Արցախի շրջափակման օրերին կառույցի Ստեփանակերտի գրասենյակը Արցախի առողջապահության նախարարության հետ համատեղ ծայրահեղ ծանր հիվանդներին տեղափոխում էր մինչեւ Հայաստանի սահման: Միակ կազմակերպությունն էր, որ դեղորայքի սուր ճգնաժամի, բուժպարագաների բացակայության պայմաններում հնարավորություն ուներ ոչ մեծ թվով, սակայն առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող որոշ արցախցիների տեղափոխումը կազմակերպել։

Այժմ առավել քան հստակ է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի փակվելուց հետո հայ պատանդների կյանքին ուղղակի վտանգ է սպառնալու: Ի դեպ, օրերս նաեւ հայտնի դարձավ, որ Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, լքում է Ադրբեջանը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության տեղական մասնաճյուղի նիստում։ Ավելի վաղ Ադրբեջանը փակել էր BBC-ի գրասենյակները եւ դադարեցրել USAID-ի գործունեությունը։

Այս պետության իշխանություննե՞րն են, որ պետք է հայ դատեն` ի ցույց աշխարհի Հայաստան պետությանը վերագրեն ինչ-որ «հանցագործություններ»…

Այս տարի փետրվարին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել էր Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ գործ հարուցելու պահանջով:

Խորհուրդը հայտնել էր, որ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սեւագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի եւ ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է: Փաստաթղթում ընդգծվել էր, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023թ. հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման եւ նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:

Խորհուրդը պահանջել էր, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետեւյալ քայլերը` ճանաչել 2020-2023թթ. .ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը, դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը, Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ 2020-2023թթ. Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։ CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանն ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արեւմուտքը մինչեւ հիմա վճռականություն չի ցուցաբերել: «1915 թվականից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, երբ հայերը բախվում են արդարադատության այսօրինակ մերժման։ Նման իրավիճակն անթույլատրելի է», – ասվում էր կազմակերպության հայտարարության մեջ։

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ», մարդկության դեմ հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ: Երեւանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեեւ իրավունք ունի հետ վերցնել հայցերը, փետրվարին տարածած իր տեսաուղերձում նշել էր Օկամպոն։

Անցյալ տարի օգոստոսին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ տեսակապով հանդիպում էին ունեցել Օկամպոյի հետ։ Այս հանդիպմանը քննարկվել էր, թե ինչ իրավաքաղաքական գործիքներ կան պայքարելու արցախցիների իրավունքների համար։ Օկամպոն մասնավորապես կարեւորել էր ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դերը առանց պետության ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում որպես իրավական կարեւոր գործիք։

Հանդիպմանը խոսվել էր նաեւ այն մասին, որ աշխարհը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը, սակայն դա որեւէ հետեւանք չի ունեցել։ Օկամպոն նկատել էր, որ աշխարհը շատ տարբեր է հիմա. այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրեական դատարանը, չկար սոցիալական մեդիան, սփյուռքը եւ այլն։ Նաեւ հավելել էր, որ շատ բան կախված է նաեւ նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու։ Նա նաեւ նկատել էր, որ որքան էլ Ադրբեջանը հակառակն է պնդում, արցախցիներն իրենց հողի սեփականատերերն են, ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան պատրաստ կլինեն նրանք պայքարելու։

Ինչեւէ, պայքար չի նշանակում հրաժարում Ադրբեջանի հետ բանակցություններից, կամ` բանակցությունների սեղանը շրջելու ցուցադրություն, կամ` հակառակորդ պետությանը վերջնագրերի հրապարակային ներկայացում: Պարզապես, թե՛ հակառակորդ պետությունը, թե՛ քաղաքակիրթ աշխարհը պետք է տեսնեն, որ Հայաստան պետությունը պայքարում է հայերի իրավունքների համար, իսկ դա կնշականի նաեւ` Հայաստան պետության համար:

Անցյալ շաբաթ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատվեց պաշտոնից: Կառավարությունից նշել էին, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ: Մինչդեռ մամուլը Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ հայտնում էր դեռ ամիսներ առաջ: Եղիշե Կիրակոսյանն էր ներկայացնում Բաքվի դեմ Երեւանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Տարեսկզբին Եղիշե Կիրակոսյանն «Ազատության»-ն ասել էր՝ չի կարծում, թե իրավական վեճերը կարող են խանգարել խաղաղության գործընթացին: «Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաեւ պատերազմը կանխարգելել է նշանակում», – նշել էր նա: Հիշեցնենք, որ միջազգային հայցերի հետկանչը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Երեւանն, ըստ էության, փոխադարձության սկզբունքով դեմ չէ այս լուծմանը:

Ռուբեն Վարդանյանի ուղերձը հստակ ահազանգ էր այն մասին, որ Բաքվում ոչ թե «դատվում» են հայեր, այլ` ողջ հայությունն ու Հայաստան պետությունը, հետեւաբար, դա հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության խնդիր է, իսկ այդ պաշտպանությամբ նախեւառաջ Հայաստան պետությունը պետք է զբաղվի։ ՄԻԵԴ-ը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, միջազգային կառույցները ամենօրյա ռեժիմով պետք է գերիների իրավունքների պաշտպանության, դատավարությունների թափանցիկության ապահովման մասին դիմումներ ստանան: Պետք է կազմակերպել Սփյուռքի մոբիլիզացիան: Այսինքն, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պետք է գործադրվի տոտալ ճնշում։ Դանդաղկոտությունը, պասիվությունը, անտարբերությունն ու անգործությունն ամեն օր թուլացնում են Հայաստան պետությունը ու Հայաստանը մղում են դեպի նորանոր պարտությունների` հարաբերական խաղաղության պայմաններում: Ի վերջո, սա պետություն ունեցող ազգի իրավունքների ու արժանապատվության հարց է։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31