Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրիս Վերմետը Հայաստան ճամփորդած ժամանակ է նկարել Կասկադն ու ոգեշնչվել»

Մարտ 13,2025 13:00

Հայ զարդագործը՝ օսկարակիր դիզայների զարդի ու նրա հետ իր կապի մասին

«2016 թվականից Մոնրեալում եմ ապրում, բայց արվեստով զբաղվել եմ շատ վաղուց՝ Հայաստանում ապրած տարիներից, միշտ նկարել եմ, տարբեր ուղղությունների մեջ եմ եղել, փորձել եմ տարբեր ձեւերով արտահայտել: Աշխատանքի բերումով շատ տեղերում ենք ապրել, ու այդ ամենն անդրադարձել է իմ ստեղծագործական ուղու վրա, ամեն տեղից մի բան վերցրել եմ: Ինչ վերաբերում է էմալապատման տեխնիկային, այն բյուզանդական ժամանակներից օգտագործվել է զարդարվեստում: Վստահ եմ, որ Անատոլիայում՝ բյուզանդական արվեստի մեջ հենց հայ վարպետների աշխատանքներն են: Չեմ պատկերանցում, որ այս տեխնիկան մեր արվեստին զուգահեռ անցած լինի, ու երբեք հանդիպած չլինեն, որովհետեւ դա շատ մոտ է մեր մշակույթին, գունազգացողությանը եւ հայկական արվեստի գեղագիտությանը, մանավանդ՝ հայկական մանրանկարներին»,-«Առավոտի» հետ զրույցում նշում է կանադաբնակ նկարչուհի, զարդագործ Գայանե Ավետիսյանը:

Օսկարակիր դիզայներ Պատրիս Վերմետը կարմիր գորգի վրայով քայլելիս ներկայացել է հնագույն Bixlers ապրանքանիշի ադամանդակուռ կրծքազարդով եւ ճարմանդներով, որի ստեղծմանը մասնակցել է նաեւ մեր հայրենակցուհին:

«Մեր ընտանիքը մի շրջան ապրում էր Թիֆլիսում, որտեղի արվեստագետներից սովորել եմ Վրաստանում շատ ընդունված էմալապատման տեխնիկան: Ես ժամանակին երկար ժամանակ խեցեգործությամբ էլ եմ զբաղվել, այնպես որ, վառարանով աշխատելն ինձ խորթ չէր: Այդպես սովորեցի այդ տեխնիկան, հետո Վրաստանից տեղափոխվեցինք Հայիթի, 4 տարի Հայիթիում ապրեցինք, այնտեղ էլ աշխատեցի այս տեխնիկայով ու կատարելագործվեցի: Ու քանի որ ԱՄՆ-ին շատ մոտ էր Հայիթին, ես տարբեր առիթներով մեկնել եմ ԱՄՆ, մասնակցել դասընթացների ու մասնագիտական աշխատարանների: Մոնրեալում էմալապատման տեխնիկան բացարձակ բացակա էր, չնայած զարդարվեստը շատ զարգացած է Քվեբեկ նահանգում: Այդ նահանգում ներդաշնակված են տարբեր ազգերի մշակույթները: Մոնրեալն ու Քվեբեկ նահանգը ֆրանսիական ճաշակ, եվրոպական շունչ ունեն, բայց միեւնույն ժամանակ ընդունել են տարբեր ազգերի ներգաղթյալների, այդ թվում՝ իտալացիների, հայերի, հույների, ու բոլորս մեր տարբեր էսթետիկաներով, մշակույթներով խառնվել ենք, ինչի արդյունքում մշակութային հետաքրքիր կոնգլոմերատ է ստեղծվել:

Կանադայում բոլորը սիրում են Քվեբեկից եկած արվեստը, այն շատ գնահատված է: Մոնրեալում ես զարդարվեստ սովորեցի, էմալ արդեն գիտեի, եւ դա դարձել էր կտավի մի ուրիշ դրսեւորում, մի բան, որ անում էի կտավի վրա, կարող էի անել նաեւ մետաղի վրա: Շատ սիրում էի էմալապատման տեխնիկայով աշխատելը: Հետո սովորեցի Մոնրեալի զարդարվեստի դպրոցում, որտեղ այժմ դասավանդում եմ: Ծանոթացա շատ հայ հեղինակների, որոնք այստեղ աշխատում են: Այս դպրոցում տարբեր ազգերի ուսուցիչներ ունեցա, իրենք էլ իրենց ներդրումն ունեցան իմ կազմավորման մեջ՝ որպես զարդագործ: Բավականին ցուցահանդեսների մասնակցեցի, թե միջազգային, թե տեղական, ու ներկայացրի Կանադան կամ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում:

Ինչ վերաբերում է Bixlers-ին, այն իրենց օֆիսներն են հիմնադրել նաեւ Մոնրեալում, որովհետեւ այստեղ շատ լավ ոսկերիչներ կան, իսկ իրենց աշխատանքները հիմնականում կենտրոնացած են թանկարժեք զարդերի եւ ադամանդների վրա»,-«Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Գայանե Ավետիսյանը:

Այնուհետեւ մեր հայրենակցուհին պատմեց, թե ինչպես է մասնակցել հայտնի կրծքազարդի եւ ճարմանդների ստեղծմանը, որոնք պատվիրվել էին օսկարակիր Պատրիս Վերմետի համար:

«Bixlers-ը փնտրում էր մեկին, որը կկարողանա անել էմալով աշխատանք, այսինքն՝ համագործակցություն կլինի. իրենք իրենց ադամանդակուռ զարդը կպատրաստեին, իսկ ես կավելացնեի էմալի էլեմենտները: Պատրիս Վերմետով Քվեբեկում շատ հպարտանում են, ինչպես նաեւ «Դյուն» ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնոյովով:

Ինձ հետ կապվեցին եւ հարցրին՝ արդյոք կուզենայի՞ մասնակցել այդ նախագծին: Իրենց մեդիայի ղեկավարն ասաց՝ քանի որ դու հայ ես, գուցե այս դիզայնը քեզ մի բան հիշեցնի: Հենց տեսա, մտածեցի՝ մեր Կասկադն է: Ասացի՝ մեր ճարտարապետությունից մի բան է հիշեցնում: Ասաց՝ հենց դա է, Պատրիսը Հայաստան ճամփորդած ժամանակ (հավանաբար «Ոսկե ծիրանին» մասնակցելու ընթացքում) է նկարել Կասկադն ու ոգեշնչվել:

Ապա որոշել էր, որ դա պետք է հիմք հանդիսանա իր կրծքազարդի դիզայնի համար: Ես շատ հուզված էի, որովհետեւ Կասկադի աստիճանների մոտ եմ մեծացել ու ամբողջ երիտասարդությունս այդտեղ է անցել: Կրծքազարդի դիզայնը մեր Կասկադի արեւային ժամացույցը հիշեցնող էլեմենտն է: Դրա վրա եմ էմալի տեխնիկայով աշխատել»,-պատմեց Գայանե Ավետիսյանը:

Ապա հավելեց, թե ինչպես է տեսազանգով իր հետ կապվել Պատրիս Վերմետը. «Պատրիսը տեսազանգ կատարեց, ուզեց արվեստանոցս տեսնել, շատ հաճելի կապ ստեղծվեց իր հետ: Ես շատ տպավորվեցի, որ «Ֆորբսում» նշված էր նաեւ իմ անունը եւ Հայաստանը՝ Պատրիսի ոգեշնչում: Ես աշխատել եմ Bixlers-ի ճարմանդների եւ կրծքազարդի վրա, ու գիտեմ, որ մեծ թվով հայ ոսկերիչներ կան Bixlers-ի արվեստանոցում: Երբ իրենց տնօրենը ինձ ծանոթացրեց աշխատակիցների հետ, շատ ուրախացան, որ միասին պետք է աշխատենք: Ճիշտ է, «Ֆորբսում» իմ անունն է նշված, բայց ուզում եմ շեշտել, որ տարբեր ազգեր են մասնակցել այդ նախագծին, այդ թվում՝ հայեր»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31