Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն առանց Ռուսաստանի էական որևէ բան չի կարող անել Հայաստանին պաշտպանելու համար, որքան էլ որ նրանք ցանկանան դա անել. Արման Գրիգորյան

Մարտ 12,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է.

Մի երկու փաստ իրար կողքի դնեմ, մտածեք, թե էդ փաստերից ինչ է հետևում։ Ես ինքս հետևություն չեմ անի, որպեսզի իմ հետևությունն իմ ցանկությունների հետ շփոթելու գայթակղություն չստեղծեմ.

1.Միջանցքի հարցը լուծված չի։

2.Ադրբեջանն ու Հայաստանը միմյանցից զգալիորեն տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցի լուծման վերաբերյալ։ Ադրբեջանը պահանջում է 2020 թ.-ի զինադադարի 9-րդ պարագրաֆով ստանձնած պարտավորությունների կատարում` դրանք մեկնաբանելով իրեն ձեռնտու ձևով։ Հայաստանը դա մերժում է և առաջարկում այլընտրանքային լուծում։

3.Ռուսաստանը տակավին զբաղված է Ուկրաինայում և Հարավային Կովկասում նոր էսկալացիայի պարագայում դեռ դժվարություն կունենա ակտիվորեն միջամտելու։ Բայց այդ, ռուսները դեռ չեն ուզենա վտանգել Թուրքիայի չեզոքությունը Ուկրաինայում։

4.Ուկրաինայում պատերազմի դադարեցումը մոտ ապագայում բարձր հավանականություն ունի` ելնելով ճակատում Ուկրաինայի ծանր վիճակից ու ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշումից։ Ադրբեջանում մտածում են, որ դժվար թե էդ պատերազմի ավարտից հետո իրենք նույնքան ազատորեն գործելու հնարավորություն ունենան, ինչ ունեն հիմա։ Մտածում են նաև, որ էդ պատուհանը փակվում է։ Եվ դա միայն միջանցքին չի վերաբերում, այլ Հայաստանն ընդհանրապես ծնկի բերելուն ու մյուս զիջումները նույնպես կորզելուն։

5.Հայաստանը մերժում է միջանցքի տարբերակը, որի պարագայում անվտանգությունը ռուսները պիտի հսկեն։

6.ԱՄՆ-ի նոր վարչակազմը որևէ նշան ցույց չի տվել, որ ցանկություն ունի խառնվելու Կովկասի գործերին։ Եթե խառնվեն էլ, դա կլինի Իրանի հետ կոնֆլիկտի էսկալացիայի կոնտեքստում, ինչը նշանակում է, որ նրանք դժվար թե մեր օգտին խառնվեն։

7.Եվրոպայի գլուխը հիմա սարսափելի խառն է Թրամփի որդեգրած դիրքորոշումների պատճառով։ Մասնավորապես, նրանք նախ պիտի հասկանան կարող են ինչ-որ կերպ Զելենսկուն օգնել, թե ոչ։ Հայաստանի համար անհանգստանալու ժամանակ ու ռեսուրսներ չունեն։ Իրականում նրանք նման ռեսուրսներ չունեն, եթե նույնիսկ Ուկրաինայի հանգամանքը մեջտեղից հանեն։ Հատկապես առանց ԱՄՆ-ի աջակցության։

8.Ադրբեջանը լայնածավալ քարոզչություն է սկսել այն մասին, որ հայերը հարձակման են պատրաստվում։

9.Հայաստանի համար էսկալացիայից խուսափելու միակ շանսը (եթե նույնիսկ ոչ 100 տոկոսանոց) 2020 թ.-ի փաստաթղթի իրագործումն է, որը կարող է ռուսներին բավարար շահագրգռել էսկալացիան զսպելու։

10.Հայաստանի իշխանությունները նման շրջադարձը համարում են անընդունելի անկախ ամեն ինչից։

11.Իրանն առանց Ռուսաստանի էական որևէ բան չի կարող անել Հայաստանին պաշտպանելու համար, որքան էլ որ նրանք ցանկանան դա անել։

12.Նախադեպ ունենք, երբ Հայաստանի իշխանություններն անհույս վիճակում նախընտրել են շարունակել պայքարը, և համաձայնել են բանակցային լուծման, երբ դիմադրությունն այլևս անհնար է դարձել։ Դա իրենց ապահովագրել է տարատեսակ մեղադրանքներից, որ չկռվեցիք, կազմալուծեցից, ծախեցիք, և այլն, չնայած դա երկրի վրա շատ ավելի թանկ է նստել, քան բանակցված լուծումը կլիներ։

13.Հայաստանի իշխանություններն ու նրանց աջակիցները հետևողականորեն շարժվում են «իրականությունն այն է, ինչ մենք ուզում ենք, ոչ թե այն ինչ որ կա» սկզբունքով։ Ոչ մի անցյալի աղետ այս դիրքորոշման վրա չի ազդել։

14.Որպես հեղափոխական իշխանություն նրանք միշտ հետաքրքրված են գրանդիոզ, կամ իրենց իսկ նկարագրությամբ` «անիրատեսական» ծրագրերով։ Պատերազմից հետո նրանց գրանդիոզ նպատակը, հետևաբար այն, ինչ նրանք ուզում են թողնել որպես պատմական ժառանգություն, Հայաստանը «ռուսական լծից ազատագրելն» ու Արևմուտքի հետ ինտեգրելն է։ Միջանցքի հարցում իրենց դիրքորոշման վերանայումն անհամատեղելի է այս նպատակի հետ։ Եթե նույնիսկ որոշեն դա անել, դա շատ բարդ կլինի երկրում տիրող այն քաղաքական մթնոլորտի պատճառով, որ հենց իրենք են ստեղծել։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31