Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների վերադարձի համար ադրբեջանական կողմից ո՞վ է դիմել ՀՀ Կառավարությանը, ի՞նչ պայմաններ են առաջ քաշել. Կառավարությունը և Արտգործնախարարությունը լռում են. 168.am

Մարտ 12,2025 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին Ալիևը հայտարարել էր, որ 300.000 ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ դեռ ՀՀ իշխանությունների պատասխանին են սպասում։

Դեռևս փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Ալիևի այս հայտարարությանը որևէ պատասխան արդեն հնչեցրե՞լ է։

«Եթե՝ այո, ապա ո՞րն է Ձեր պատասխանը: Ձեզ այդ հարցով ադրբեջանական կողմից կոնկրետ ո՞վ է դիմել, ի՞նչ պայմաններ են առաջ քաշել»։

Երեկ տեղեկացանք, որ մեր գրավոր հարցումը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն ուղարկել է Հայաստանի արտգործնախարարություն։

ԱԳՆ-ից մեր գրավոր հարցմանը պատասխանելիս՝ հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ին «Արմենպրեսին» տված հարցազրույցն ու այնտեղ արծարծված մտքերը։

ԱԳՆ-ի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Խոսքը գնում է 1990-ականներից Հայաստանի Հանրապետությունից հեռացած 167 հազար ադրբեջանցիների մասին, որոնց մեծամասնությունը հնարավորություն է  ունեցել վաճառել տները և անձնական իրերով հեռանալ Հայաստանից։ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մեծ մասը վաճառել կամ փոխանակել են իրենց բնակարանները  և ստացել են բանկային խնայողությունները։ Բացի այդ, ադրբեջանական բնակչությունը Հայաստանի Կառավարությունից ստացել է փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ, 160.000 ադրբեջանցիներ Հայաստանի Կառավարությունից ստացել են 70.000.000 ռուբլու փոխհատուցում։ Ուստի Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, առանց բռնության ենթարկվելու հեռացել են՝ ստանալով բնակարանների փոխանակման հնարավորություն և դրամական փոխհատուցում։

Ի տարբերություն Հայաստանից հեռացած ադրբեջանցիների, Ադրբեջանից հայ բնակչության բռնի տեղահանման կարևոր ասպեկտներից մեկն այն է, որ ահա փախստականներից շատերը բազմակի տեղահանումների են ենթարկվել։ Նրանք ստիպված եղան փախչել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային վայրագություններից, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այդ ընթացքում Ադրբեջանից բռնի տեղահանվել է մոտ 500.000 հայ, որոնցից 360.000-ը ապաստան է գտել Հայաստանում։

Հետևաբար, հայերի կարգավիճակն Ադրբեջանում և ադրբեջանցիների կարգավիճակը Հայաստանում էապես տարբեր են և անհամեմատելի»։

Մեր հարցադրումներին, թե այդ հարցով ադրբեջանական կողմից կոնկրետ ո՞վ է դիմել, ի՞նչ պայմաններ են առաջ քաշել, ԱԳՆ-ն որևէ կերպ չի պատասխանել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31