Արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ ռազմագերիների անօրեն դատավարության մասին՝ ասաց. «Նախ, կոնկրետ այն մասին, թե ինչու մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հայտնվեցին Ադրբեջանի բանտերում, գերու կարգավիճակով: Բազմիցս ասել ենք եւ չեմ խորշում կրկնել. դա հենց Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ համատեղ գործողության արդյունքում էր՝ նրանց նախաձեռնությամբ եւ նրանց կողմից կազմակերպված:
Աշխարհում որեւէ այլ երկիր կամ ժողովուրդ այսպիսի արհավիրքի առաջ կանգնած չի եղել: Պատմությունն այսպիսի նախադեպ չի ունեցել, որ ցեղասպանող բռնապետը ցեղասպանվող ժողովրդի ներկայացուցիչներին տանի իր երկիր եւ դատի: Դատի նրա համար, որ նրանք փորձել են պաշտպանվել, փորձել են ապրելու իրավունքը պահել, պաշտպանել իրենց ընտանիքը, հողը, իրենց հայրենիքը:
Սա մեր ռազմաքաղաքական ղեկավարների դատը չի: Դատում են մի ամբողջ հայ ժողովրդի: Եվ ահավորն այն է, որ երեկվանից բաց հարթակներով հրապարակվում են Ռուբեն Վարդանյանի նկարները. Ինչպիսի հյուծվածություն: Ինչպիսի դաժան վերաբերմունքի արժանացած մարդ է նա դարձել: այդ նկարներին նայելով նույնիսկ անմարդկային կերպարն իսկ կարող է ունենալ բարոյական նկարագիր ու ահազանգել: Բայց այսօրվա իշխանությունները որեւէ բան չեն անում, մատը՝ մատին չեն տալիս:
Ռուբեն Վարդանյանի նաեւ ձայնային հաղորդագրությունը, թե ինչ կերպ մեզ հասանելի դարձավ, հարցի մյուս կողմն է: Ալիեւր, որ ցանկանում է Կարմիր Խաչն էլ հանել, կարող էր նաեւ դա արգելել: Բայց, փառք Աստծո, Ռուբեն Վարդանյանի ուղերձը հասանելի դարձավ մեզ: Ես մեծ ցավ ապրելով եմ լսել այդ հայտարարությունը: Աստված մի արասցե, կարծես, հրաժեշտի մտքեր ու նախադասություններ կիրառված լինեին: Տեսեք, տղամարդկային ու բարոյական շատ բարձր արժեք ունեցող մարդու ձեւակերպում է, որ չփորձեք ինձ խղճալ: Սա արժանապատվություն ունեցող տղամարդու մտածողություն է: Նա նաեւ շատ ճիշտ մատնանշում է, որ դատում են ոչ թե Ռուբեն Վարդանյանին եւ իր հետ գտնվող մյուսներին, այլ դատում են մի ամբողջ հայ ազգի:
Կարդացեք նաև
Սա հայ ազգի ողբերգությունն է: Եվ այս համատեքստում շատ օրախնդիր է, թե ինչ է անում այս իշխանությունը: Այս իշխանությունը ոչինչ չի անելու: Որեւէ ամբիոնից հոդաբաշխ մտքեր չեն ասում մեր գերիներին հետ բերելու համար»,-ասաց գեներալը:
Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանին եւ մյուս մեր գերիներին Ադրբեջանի օրենքներով ներկայացված մեղադրանքներով եթե վճիռ հրապարակեն, բոլորին ցմահ ազատազրկում է սպառնում:
«Այսօր Հայաստանում ադրբեջանցի որեւէ գերի չկա: Նույնիսկ սպանություն, կոնկրետ հանցագործություն կատարած անձին, որին դատապարտել էին ցմահ ազատազրկման, վերադարձրին Ադրբեջանին:
Հայաստանում երբեւէ չի եղել այնպիսի իշխանություն, որին այսքան ատեն, արհամարհեն, այսքան թշնամի համարեն»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ