Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա մոլի նիկոլական չէ, այլ մոլի կարենդեմիրճյանական»․ ՀԱՍԿ-ը ներկայացնում է Գյումրու քաղաքապետի իր թեկնածուին

Մարտ 12,2025 21:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններում իրենց ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանի ու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ միասին  Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հանդես եկան մամուլի ասուլիսով։

Մովսես Շահվերդյանը ներկայացրեց կուսակցության գործունեությունը՝ շեշտելով, որ իրենց կուսակցության առաջին լուրջ քայլը քաղաքական արենայում եղել է այն, որ 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում համագումարում առաջադրել են Կարեն Սերոբի Դեմիրճյանի թեկնածությունը։

Նա նաև նշեց, որ շատ մտերիմ հարաբերությունների մեջ  է եղել Կարեն Դեմիրճյանի հետ։

Ըստ նրա, եթե նա ողջ լիներ, Հայաստանը երբեք այս ծանր իրավիճակում չէր հայտնվի։

ՀԱՍԿ-ի թեկնածու Արտյոմ Թումանյանն էլ ասաց, որ մեծ պատիվ է առաջադրվել այն կուսակցությունով, որով մեծ քաղաքականություն է մտել ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը։ Թեկնածուն խոստացավ գնալ այն ճանապարհով, ինչով առաջնորդվել  է Կարեն Դեմիրճյանը, քանի որ նրանից ժառանգել է մի կարևոր հատկանիշ՝ «մարդ սիրելու արվեստը»։

Հարցին, թե դուք եղել եք մոլի նիկոլական, արդյո՞ք ընտրություններում որպես արբանյակ ուժ չեք ծառայելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ձայների մեծամասնություն չստանալու դեպքում միասին իշխանություն ձևավորելով, Արտյոմ Թումանյանն ասաց․ «Որ ասում եք՝ մոլի նիկոլական կամ արբանյակ, ես գյումրեցիների արբանյակն եմ, բոլորդ ինձ լավ ճանաչում եք։

Իրականում միակ կուսակցությունը, որով ճիշտ եմ համարել մասնակցելը, ՀԱՍԿ-ն է, և ես երբեք իմ սկզբունքներից հետ չեմ կանգնելու։ Ես ոչմեկական եմ, ես հեղափոխական Արտյոմ Թումանյանն եմ, որը պայքարել է ժողովրդի հետ 30 տարի՝ տանջանքներով, չարչարանքներով, լացելով, ուրախանալով, և հեղափոխությունից հետո նույն պայքարի մեջ եղել եմ՝ որպես հեղափոխական։ Հիմա, թե ինչու եմ որոշել մասնակցել ավագանու ընտրություններին որպես առաջին համար՝ քաղաքապետի թեկնածու, դա կարծում եմ ժողովրդի հորդորն էր, պահանջն էր, որ ես գյումրեցիների մատից փուշ հանեմ»,- ասաց Արտյոմ Թումանյանը։

Նա ասաց, որ 50 տարի ապրել է այս քաղաքում և պաշտոնի ու աթոռի համար երբեք իր խոսքն ու սկզբունքները չի փոխի։

Հարցին, եթե ՔՊ-ի ու Նիկոլի Փաշինյանի համակիրը չէիք, ինչո՞ւ էիք ձեր թեկնածությունն առաջադրում «փրայմերիզին», նա պատասխանեց, որ ինքը ողջ կյանքում կուսակցական չի եղել ժողովրդի կոչով է առաջադրվել։

Իսկ թե ինչու իրեն թույլ չտվեցին մասնակցել «փրայմերիզին», ասաց՝ տեսնելով իր սերն ու հարգանքը գյումրեցիներ մոտ, զգալով, որ քաղաքի բնակչության մեծամասնությունը իրեն են ընտրելու, Շիրակի մարզի որոշ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների դա դուր չեկավ։

«Ես հաստատ չեմ կարող լինել  այս կամ այն քաղաքական  ուժի գրպանի քաղաքապետը»,- հայտարարեց թեկնածուն։ Նա հավաստիացրեց, որ լինելով գյումրեցիների ծոցում ծնված ու մեծացած՝ այլընտրանքային թեկնածու է։

Մովսես Շահվերդյանն էլ իր հերթին անդրադարձավ Արտյոմ Թումանյանի՝ «մոլի նիկոլական» լինելու մասին տարբեր ԶԼՄ-ների տեղեկություններին՝ հորդորելով․ «Եթե ուզում եք Արտյոմին ինչ-որ մեկի մոլի կողմնակիցը ներկայացնել, ներկայացրեք մոլի կարենդեմիրճյանական, ինքն իսկապես Կարեն Դեմիրճյանին գնահատող, գաղափարներին նվիրված մարդ է, հանդիսանում է Կարեն Դեմիրճյանի գաղափարակիր ընկերը։ Արտյոմը համապատասխանում է մեր բոլոր չափանիշներին, մեր բոլոր ցանկություններին, մենք միասին երկար ճանապարհ ենք անցնելու, սա միակ քայլը չէ»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31