«Ես նրանցից պահանջ չունեմ։ Ես նրանց վախերը գիտեմ, և նրանց վախերի վրա պիտի աշխատենք»,-լրագրողների հարցին՝ Ձեր նշած արժանապատվություն չունեցող ՀՀ իշխանություններն արդյոք ցանկանո՞ւմ են, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնան և այն իշխանությունը, որը խոսում է միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարման մասին, իրենցից ի՞նչ եք պահանջում», Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց արդեն 12-րդ օրը հացադուլի մեջ գտնվող, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա և մյուս հացադուլավոր քաղաքացիները Ռուբեն Վարդանյանի կնոջ և քրոջ խնդրանքով այսօր դադարեցրին հացադուլը։
Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ ՀՀ իշխանությունները վախենում են աթոռ կորցնել․ «Դա նրանց միակ վախն է։ Մենք պիտի ցույց տանք, որ այս օրակարգով աթոռ եք կորցնելու։ Մենք պիտի ժողովրդի լեզվով ասած՝ նրանց վախը բռնենք։ Եթե մենք բոլորս այս հարցը պահենք օրակարգում, նրանք ստիպված են լինելու ասել, որ այս օրակարգին են հետևում և իրենց գործընկեր Ալիևին էլ ասեն՝ իշխանություն ենք կորցնում, հետևաբար մի բան պիտի անենք»։
Լրագրողների այն դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ գերիների վերադարձի համար ոչ հրապարակային քայլեր են անում, նա արձագանքեց․ «Ստախոսների հավաքածու է։ Հերիք է մեր ուղեղը լվանան։ Մարդիկ իրենց խոսքով այդ մարդկանց վրա հատորներ են բացել։ Նրանք շահառուն են այս վիճակի, նրանք վնասելուց չեն վախենում, այլ օգուտ տալուց են վախենում։ Թող հրավիրեն 23 ընտանիքներին և պատմեն՝ ինչ են անում։ Կարող էր հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու համար պայման լինել գերիների վերադարձը․ գոնե տալու դիմաց մի բան ստանայինք, բայց չեն անում»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին Մանե Թանդիլյանի և նրա հետ հացադուլի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Մանե Թանդիլյանն ասաց․ «Ինչպես և սպասվում էր․ ստորինից ցածր ցուցանիշներ են։ Բոլորիս ցուցանիշներն արդեն սկսում են լինել վտանգավոր։ Բժիշկներին ենք խոստացել, որ եթե վտանգավոր դառնա, իրենց ականջալուր կլինենք։ Դեռ մենք ոչինչ․ ՀՀ-ում ենք, հայ բժիշկների վերահսկողության տակ, դուք պատկերացրեք Ռուբենի հետ ինչ է կատարվում։ Սա պիտի զգանք, տեսնենք։ Հատուկ դիետայով պիտի դուրս գանք հացադուլից։ Մենք կկազդուրվենք, մնում է՝ մեր մեջքը շտկենք։ Գիտեմ, որ Ռուբենը շարունակում է հացադուլը, հույս ունեմ, որ ինքն էլ պիտի դադարեցնի։ Մենք պետք է զբաղվենք պատճառների վերացմամբ, որի համար նա հացադուլ է սկսել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ