Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Փաշինյանի «յաշիկ առ յաշիկ» հետ բերելու հայտարարության հետ կարելի է կապել, այլ տրամաբանություն չկա. փաստաբան

Մարտ 12,2025 21:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն ստանալու հարցով ԱԺ նախագահին դիմելու գործընթացում Տարոն Մարգարյանի պաշտպանը իրավաբանություն չի տեսնում:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդություն է ներկայացրել: 

Բենիկ Գալստյան

Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը Aravot.am-ին ասաց, որ խոսքը 2018 թվականից հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակում 2021 թվականին Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ). «2022 թվականի սկզբից այդ գործը դատարանում է նույն փաստակազմի մասով այլ մեղադրանքով, ու չգիտես ինչու 3,5 տարի հետո որոշեցին, որ նույն փաստակազմի պայմաններում մի հատ էլ կարող են մեղադրանք դնել՝ այսինքն՝ Մարգարյանը նույն փաստական տվյալների և նույն իրողությունների պայմաններում ոչ միայն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլև իրականացրել է փողերի լվացում: Այստեղ ուղղակի չկա իրավաբանություն»:

Փաստաբանին մի հարց է հետաքրքրում՝ եթե նախաքննական մարմինը 2018 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մարտը քննել է քրեական գործը և առնվազն 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ հավաքված ապացույցներով հաստատված է եղել Տարոն Մարգարյանի կողմից առանձնապես ծանր հանցանք համարվող փողերի լվացում կատարելու հանգամանքը, ապա ինչու շուրջ երեքուկես տարի չի կատարել իր լիազորություններից ուղղակի բխող գործողություններ և այդ հանցանքի մասին հիշել է միայն 2025 թվականի մարտին։

Մեր դիտարկմանը, թե արդյոք հիմա Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց առաջ քաշելը կապ ունի յաշիկ առ յաշիկ, բրաբուս առ բրաբուս, նախկինների թալանածը հետ բերելու օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հայտնած հայտարարության հետ, պարոն Գալստյանն ասաց. «Կարող ենք հանգիստ դրա հետ կապել, այլ տրամաբանություն չկա: Էդ միջնորդությունը, ամբողջական փաստաթուղթը, որ բացում եք ամենաթարմ ապացույցը 2021 թվականի հոկտեմբերինն է: Լավ, հարց է առաջանում, եթե դուք 2021 թվականից գիտեք, որ այս մարդը առանձնապես ծանր արարք է գործել, լավ 3,5 տարի ինչին էիք սպասում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31