Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանում Դավիթ Հարությունյանի գործով տեղի ունեցավ բուռն քննարկում ապացույցի ապահովման հարցի շուրջ

Մարտ 12,2025 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պատասխանող, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ սուր քննադատությամբ դատարանի հասցեին:

Նա պնդեց, որ դատարանն օրենքով սահմանված կարգի խախտմամբ չի քննարկել իր կողմից դեռևս փետրվարի 21-ին ներկայացված ապացույցի ապահովման միջնորդությունը:

Հարությունյանը, հղում անելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքին, հիմնավորում էր, որ դատարանը պարտավոր էր անհապաղ և առանց դատական նիստ հրավիրելու քննել ապացույցի ապահովման մասին իր միջնորդությունը, ինչը չի արվել: Նա նաև հայտարարեց, որ այս խախտման արդյունքում դատարանն իրեն անվերադարձ կերպով զրկել է ՀՀ գլխավոր դատախազության դեմ իր առարկությունների հիմքում ընկած փաստերն ապացուցելու հնարավորությունից:

Ըստ Դավիթ Հարությունյանի, այդ ապացույցը թույլ կտար նրան հիմնավորել, որ գլխավոր դատախազությունը չարաշահել է հայցադիմում ներկայացնելու իրավունքը և հետապնդել է բացառապես իրեն վնաս պատճառելու նպատակ, ինչը հայցադիմումը մերժելու հիմք է:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը հայտարարեց, որ լրացուցիչ ապացույցներ է ձեռք բերել Դավիթ Հարությունյանի նախկինում անհայտ եկամուտների մասին, ուստի հայցապահանջի չափը փոխվում է: Դատարանը հետաձգեց նիստը, որպեսզի հնարավորություն ընձեռի Դավիթ Հարությունյանին ծանոթանալու փոխված հայցապահանջին:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31