Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ-շատ հներից շատ ավելի ունևոր են դարձել, ինձ էլ խորհուրդ են տալիս՝ հրաժարվել մանդատից»․ Հովիկ Աղազարյան

Մարտ 12,2025 20:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հովիկ Աղազարյանի գործի հիմքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մանր եղջերավոր անասունների կաշառքի գործն է։

Պատգամավորը, որն այսօր եկել էր Գյումրի՝ ՏԻՄ ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանին սատարելու, մեզ հետ զրույցում ասաց՝ լրատվամիջոցներից է իմացել, որ գլխավոր դատախազը միջնորդել է իրեն զրկել անձեռնմխելիությունից։

«Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, մանրամասներին չեմ տիրապետում, հետևաբար և չեմ կարող հավելյալ տեղեկատվություն տրամադրել, բայց մոտավորապես գիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց Հովիկ Աղազարյանը։

Մեր հարցին, թե ձեր նախկին գործընկերները կտա՞ն համաձայնություն, որ ձեզ զրկեն անձեռնմխելիությունից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, նայած թե դատախազությունը ոնց կներկայացնի էդ գործը, եթե դատախազությունը բերի համոզիչ փաստեր, որ առանց պարոն Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, չենք կարող իր նկատմամբ մեղադրանք հարուցել և չենք կարող գործի վարույթը իրականացնել ամբողջական և ըստ էության, հետևաբար և կարող է ասեն՝ ի՞նչ է եղել, զրկում ենք, հետո քննությունը կպարզի՝ ինչ է։

Հանուն ճշմարտության՝ պիտի ասեմ, որ վարույթներից մեկով՝ մանր եղջերավոր անասունների հետ կապված, դեռ անցած տարվա ամռանն էր ինձ կանչեցին, այսինքն՝ իմ ու պարոն Քյարամյանի միջև տհաճ միջադեպից առաջ էր, հետևաբար դրանից հետո եղել են երկու ուրիշ վարույթներ, մեկը իմ ու պարոն Քյարամյանի միջադեպի հետ կապված, որի միջնորդությունը ներկայացրել է իմ փաստաբանը, և մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հրապարակային հայտարարության հետ կապված, որ ես պետական գաղտնիք եմ հրապարակել։

Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև ես պետական գաղտնիք կրող չեմ, իսկ եթե ես պետք է պետական գաղտնիքին ծանոթանամ, ապա հատուկ ընթացակարգ կա, հատուկ բաժին կա, որտեղ գնում, դիմում ես գրում, թե ուզում եմ այսինչ փաստաթղթին ծանոթանալ, տեղում ծանոթանում ես, տալիս ես։ Այդպիսի բան չի եղել։

Մանր եղջերավոր անասունների հետ կապված քրեական գործով էլ ես վկա եմ, բայց այնտեղ երկու հոգի խոսում են իրար հետ, ասում են՝ Աղազարյանը էսքան կաշառք է ուզում էդ գործի համար»։

Պատգամավորն ասաց՝ չի հուսահատվում, նրանք չեն կարող ապացուցել չապացուցելին։

«Իբր թե երկու հոգի խոսացել են, թե Աղազարյան Հովիկը էսքան փող է ուզում, հետո՞, հետո՞․․․ Նման հազարավոր դեպքեր են լինում, Աղազարյան Հովիկը ոնց որ ապրել է, ընենց էլ ապրում է։ 98 թվականին էլ էին ասում, որ ըսենց, ըսենց Աղազարյան Հովիկը, ասողները դարձան միլիարդատեր, ես 63 տարեկանում հիփոթեքային բնակարան եմ ձեռք բերել»,- ասում է պատգամավորը։

Նա անդրադարձավ նաև այն ՔՊ-ականներին, որոնք իրեն խորհուրդ են տալիս վայր դնել մանդատը։

«Վարչության որոշ անդամներ, ոչ բոլորը, ովքեր ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենք են ընդունել, ովքեր իրենք պիտի շուտով էդ օրենքի տակ ընկնեն, շատ շատ հներից իրենք շատ ավելի շատ ունևոր են դարձել՝ չգիտեմ ինչ ճանապարհներով, ինձ ասում են՝ պարոն Աղազարյան, ինչի՞ չեք հրաժարվում մանդատից։ Անհանգստություն ունե՞ք, որ եթե մանդատից հրաժարվեմ, մանր եղջերավոր անասունների գործով դուք դժվարություննե՞ր կունենաք»,-հարցնում է պատգամավորը։

Մանրամասները՝ Տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31