Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանին էիք կապում․ բա ո՞ւր են ռուսները, հետս չեն․ Նարիշկինը, Պուտինը, ո՞ւր են, ինչո՞ւ չկան․ Սերոբ Գասպարյան

Մարտ 12,2025 20:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն կեղծ մեղադրանքը, որի համար վեց ամիս ազատությունից զրկված եմ։ Դա նաև փաստում են վկաները։ Իբր թե մեղադրողի կամ վարույթը հսկող մարմնի կողմի ինձ վերագրվող բաները նրանք հերքում են։ Ես անազատության մեջ եմ հայրենիքը շատ սիրելու, պաշտպանելու համար»,- իր գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը։

Հիշեցնենք՝  գործը վերաբերում է Ռուսաստանի տարածքում զորավարժությունների մասնակցած անձանց, որոնք, ըստ մեղադրանքի՝ մեկնել են, որպեսզի պատրաստվեն Հայաստանում զինված իշխանափոխություն անելուն, սակայն հանցանքի նախապատրաստության փուլում «բացահայտվել» են, արդյունքում 7 անձի մեղադրանք է առաջադրվել, որից երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ «Սեւ հովազ» խմբի ղեկավար Սերոբ Գասպարյանը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում քննարկվեց մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։

Սերոբ Գասպարյանը հիշեցրեց՝ 2022-ին ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական ալիքներով իրեն ցույց են տվել և այդ ժամանակ հայտնել են, թե իբր ինքը ռևանշիստ է, ուզում է վերցնել իշխանությունը, որ հարձակվեն Ադրբեջանի վրա․ «Երբ կարդում ենք այս մեղադրանքը, այն ոչ մի բանով չի տարբերվում ադրբեջանական եթերով ասված՝ իրենց տարբերակից։ Ես գիտեմ, որ քննիչները բացառապես պետք է արդար քննություն տանեն։ Բայց այդպիսի բան չտեսա, զուտ ենթադրություն, պատերի տակ խոսակցություն էր։ Ես ասել եմ՝ անձամբ դուրս եմ գալու այն մարդկանց դեմ, որոնք կփորձեն իմ ծնած հայրենիքի դեմ ձայն բարձրացնել։ Այս փաստը վարույթն իրականացնող մարմինը և մեղադրող կողմը մի կողմ է դնում, ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող, միգուցե ադրբեջանական գորշ գայլերից ծնված խոսույթն է օգտագործում, որոնց մենք 90-ականներին հաղթել ենք։ Ադրբեջանը քնած հային սպանողին հերոսացրեց, ի՞նչ եք անում դուք։ Չեղած բանը սարքեցին ու մարդկանց հերոսացրին, որ մատաղ սերնդին ասեն՝ տեսեք հերոսները ոնց են լինում։ Իսկ մեզ մոտ հերոսներին ոչնչացնում են։ Սա է ձեր նպատակը։ Ընդամենը կարծիքի համար մարդկանց ազատությունից զրկում եք։ Դուք ինձ զրկել եք իմ թոռների հետ ապրելու իրավունքից։ 90-ականներին մենք մեր երեխաներից ոչինչ չհասկացանք, եկավ ժամանակը, որ թոռների հետ պիտի ուրախանանք, մեր երեխաների գուրգուրանքը թոռներից վերցնենք, հիմա այն երկրում, որը պահել ենք՝ երազելով, որ ունենանք իրական հայրենիք, որտեղ կլինի արդարություն և արդարադատություն, մեզ կարծիքի համար կալանավորում են։ Մարդուն ինչո՞ւ են կարծիքի համար կալանավորում»։

Անդրադառնալով իր դեմ մեղադրանքին՝ Սերոբ Գասպարյանն ասաց․ «Ո՞նց կարելի է մարդկանց չճանաչելով հավաքագրել։ Հավաքագրման մասին խոսք չի եղել, այդ մարդկանց անունները, որոնք կան, ես նրանց չեմ ճանաչում։ Ընդամենը տեսել եմ երկու անգամ։ Նրանք եկել, խնդրել են՝ իմանալով, որ ունեմ մեծ կապեր դրսում՝ աշխատանք ունենալու համար։ Եկել, խնդրել են, ասել եմ ՝գնացեք։ Սա վերագրել են՝ իբր հեղաշրջման համար։ Բա դա ինչի՞ չեք պարզել։ Ռուսաստանին էիք կապում․ բա ո՞ւր են ռուսները, հետս չեն․ Նարիշկինը, Պուտինը, ո՞ւր են, խի՞ չկան։ Երբ Մարիա Զախարովան խոսեց, հետ քաշվեցի՞ք․ իրենք ուժեղ էին, ես էլ քավության նոխա՞զն էի։ Կեղծ մեղադրանքով վեց ամիս պահել են ինձ անազատության մեջ, զրկել երեք ամիս ընդհանրապես տեղեկություններ ունենալ հարազատներիս մասին։ Կամ մտածում եք, թե պետք է ազդեցություն ունենամ վկաների վրա։ Վկան ասում էր՝ երբ եք իրենց սկսել հարցաքննել։ Ես այդ ժամանակ երկու անգամ երկրից դուրս եմ եկել։ Եթե էդ մեղքը ես էի գործել, չէի գա, ու դուք ինձ բերել չէիք կարող։ Ումի՞ց փախչեմ՝ ձեզնի՞ց, իմ հայրենիքի՞ց, ումի՞ց թաքնվեմ»։

Նշենք, որ դատարանի դահլիճում Սերոբ Գասպարյանի խոսքն ընդունվեց ծափահարություններով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31