«Ակտիվ գործողությունների փուլ պիտի մտնենք այնպես, որ աշխարհն իմանա՝ մենք չենք ներելու, չենք հանդուրժելու, չենք լռելու Բաքվի բանտում գտնող գեթ մեկ գերու համար։ Ուզում է Ադրբեջանը, թե չի ուզում, հայորդիները պիտի վերադառնան տուն»,- Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդեն 12-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա ասաց, որ Ռուբեն Վարդանյանի կնոջ և քրոջ խնդրանքով ինքն ու երկու հացադուլավոր քաղաքացիները դադարեցնում են հացադուլը և մուտք գործում ակտիվ գործողությունների փուլ․ «Մենք նախանշել ենք երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ առումով մենք պարտավորվում ենք անել գործողություններ, որոնց շնորհիվ Ռուբենը կկարողանա դադարեցնել հացադուլը։ Նա Բաքվի բանտում պայքարը շարունակում է, քանի որ իր պահանջները չեն բավարարվել։ Անտեսանելի ջանքերն անգամ այս ուղղությամբ չեն աշխատել, որ ներկայացուցիչ գտնվի Բաքվի բանտում։ Փակ, գաղտնի դատավարություն է, կարծեք թե պետական գաղտնիք է։ Եթե այդքան արդար եք, ու մեղադրանքներն արդար են, բաց դատավարություն արեք։ Անգամ եթե փակ է, միևնույն է միջազգային կառույցները մանդատ ունեն այնտեղ մասնակցելու։ Իսկ մեր կարճաժամկետ անելիքը պիտի լինի մեր հայորդիների կյանքը փրկելը։ Նշանակում է՝ միջազգային կառույցներին պետք է պահանջենք մասնակցեն բոլոր դատավարական գործընթացներին բոլոր գերիների հետ կապված։ Նրանք այդ մանդատն ունեն»։
Մանե Թանդիլյանը բոլոր քաղաքացիներին հրավիրեց ուրբաթ օրը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ «Ուրբաթ օրը՝ ժամը 13։00-ի կհավաքվենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ կպահանջենք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչին կապվել Բաքվի՝ իր գործընկերոջ հետ ու ասել՝ գնացեք, այդ դատավարությանը մասնակցեք։ Տեսնենք՝ ինչ են պատասխանում այնտեղի ՄԱԿ-ի ներկայացուցիչները»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ