«Այս կառավարությունը պիտի իմանա, որ հանգիստ չենք տալու իրենց քանի դեռ մեր որդիներին հետ չեն բերել»,-Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդեն 12-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մանե Թանդիլյանը և հացադուլավոր մյուս երկու քաղաքացիները դադարեցնում են իրենց հացադուլը Ռուբեն Վարդանյանի կնոջ և քրոջ խնդրանքով։
Մանե Թանդիլյանն ասաց, որ ակտիվ գործողությունների փուլ են մտնում, բայց միևնույն ժամանակ նշեց․ «Դիմում ենք տարբեր տեղեր, միջազգային կազմակերպությունների, բայց մեզ ասում են՝ ձեր իշխանությունները մի բան պիտի անեն, որ մենք էլ անենք։ Ասում են՝ երկխոսում ենք, խաղաղություն ենք բերելու։ Քավ լիցի, երկխոսեք, խաղաղություն բերեք, բայց ունեցեք ձեր օրակարգում հայ գերիների վերադարձը։ Այս իշխանությունները կզբաղվեն գերիների հարցով, եթե զգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը և հասկանան, որ դա նրանց իշխանական աթոռ է արժենալու։ Եթե կառավարության նիստերն անցնեն այդ անձանց անունների թվարկման ներքո, իշխանությունները հասկանալու են, որ աթոռը փախնելու է իրենց տակից։ Եթե դուք օրը մեկ անգամ մի ստատուս գրեք, մի բան տարածեք հայ գերիների մասին, ուրեմն նրանց դեմքերն անընդհատ իշխանությունների աչքի առաջ կլինեն։ Թող նրանք իմանան, որ դուք չեք հրաժարվում այս օրակարգից։ Փաշինյանի՝ ձվածեղի մասին գրառումների տակ դրեք հայ գերիների նկարները, թող նա տեսնի, որ դուք գնալու եք այս օրակարգի հետևից։ Ոչ մի րոպե չպետք է անտեսել Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։ Միայն այս ձևով է հնարավոր, որ իշխանությունը տեղից շարժվի՝ վտանգ տեսնելով իր աթոռին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ