ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի հարցով իրականացվող աշխատանքների մասին։
Արցախցիների հիմնարար իրավունքների և պատանդների վերադարձի համար պայքար
Արցախի ժողովրդի համար մեր հիմնական աշխատանքը նրանց հիմնարար իրավունքների ուղղությամբ պայքարն է։ «Հիմնարար իրավունք» ասելով, առաջին հերթին, նկատի ունենք Արցախ հավաքական վերադարձի իրավունքը՝ միջազգային պաշտպանության երաշխիքներով։
Հաջողել ենք Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ամրագրել մի շարք երկրների կառավարությունների ծրագրերում, օրինակ Բելգիայի կառավարության ծրագրում։ Հաջողվել է Բելգիայում՝ ՀՀ դեսպանության հետ գործակցելով, արձանագրել նաև նրանց մնայուն հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը ՀՀ-ի հետ։
Կարդացեք նաև
Երկրորդ ուղղությունը 23 հայ պատանդների ազատ արձակման հարցն է, որի համար բավական ժամանակ լրջորեն զբաղվում ենք։ Հաջողել ենք Եվրոպական խորհրդարանում ունենալ մի շարք բանաձևեր՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ու հայ պատանդների եւ ռազմագերիների ազատ արձակման հարցի շուրջ։
Այս աշխատանքները նաև այլ երկրներում մեր հանձնախմբերի աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ։
Բոլոր կողմերն ասում են, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա իր հայրենիքը
ՀՅԴ կուսակցության որոշմամբ մասնակցում եմ Արցախի Ազգային ժողովի կողմից ձեւավորված հանձնախմբին, որը զբաղվում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանությամբ։ Հայ դատի գրասենյակներն Արցախի հանձնախմբի հետ սերտ գործակցություն ունեն։ Բավական ճանապարհ ենք անցել այն իմաստով, որ այլևս չկա որևէ կողմ, որը կառարկի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի դեմ։ Բոլոր կողմերը սա են ասում, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա իր հայրենիքը, բայց հարցն այն է, որ ամեն մեկը դա տարբեր ձևով է հասկանում։
Ալիևն էլ է ասում, որ կարող են վերադառնալ, բայց հասկանալի է, թե նրա ասածն ինչ է նշանակում։ Մեր ասածը բոլորովին տարբեր է։
Այստեղ նաև դերակատարություն է ունեցել «Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակը։ Այն բաղկացած է 15 երկրների համայնքների ներկայացուցիչներից։ Սա Արցախի ժողովրդի օժանդակության համար կազմված հարթակ է, որը բավական նախաձեռնություններով հանդես եկավ, ցույցեր կազմակերպվեցին Բրյուսելում և եվրոպական 55 քաղաքներում, 500-ից ավելի ստորագրություններով նամակներ են գրվել ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին։
Արցախի ժողովուրդն ինքը պետք է պաշտպանի իր իրավունքները
Անշուշտ, շատ ճանապարհ կա անցնելու, դեռևս սկզբում ենք, բայց հիմնական և կարևոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը հավատա, պաշտպանի իր իրավունքները։ Եթե Արցախի ժողովուրդը չցանկանա նախաձեռնել որևէ բան, մենք՝ որպես ոչ արցախցի, այդքան լեգիտիմություն չունենք դա անելու։ Մեր աշխատանքն է դյուրացնել այդ ամենը, միջազգայնացնել, օժանդակություն ապահովել, սակայն ժողովուրդն ինքն իր բախտը պետք է իր ձեռքն առնի։ Ի՞նչ ձևով, դա կորոշի Արցախի ժողովուրդը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: