Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի պատկան մարմիններն իրենց հարց չեն տալի՞ս՝ ինչու Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում չկան հայեր»

Մարտ 12,2025 17:32
Mak

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

33 տարի է, ինչ Ադրբեջանը համարվում է ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչը ենթադրում է ՄԱԿ-ի սկզբունքների, ընդունած բանաձևերի և որոշումների անվերապահ ընդունում և կատարում։ Սակայն անցած տասնամյակները ցույց են տվել բոլորովին հակառակ գործընթաց, երբ Ադրբեջանն իր պետական քաղաքականության հիմքում ընդունել է ոչ թե միջազգային իրավունքով նախատեսված մարդասիրական սկզբունքները, այլ ծայրահեղ ռասիզմն ու էթնիկ ատելության գեներացման անշեղ սկզբունքը։ Իհարկե, նման գործելակերպը բնորոշ էր ադրբեջանական հասարակությանը դեռ վաղուց, սակայն ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում նման գործելակերպը թվում է խիստ վտանգավոր և սպառնալից։

ՄԱԿ-ին անդամակցելուց ընդամենը 4 տարի առաջ ադրբեջանական գործող վարչակարգը պետականորեն նախաձեռնեց հայության զանգվածային ջարդեր՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և հայկական ու հայաբնակ բոլոր վայրերում, որի արդյունքում ինչպես Ադրբեջանական ԽՍՀ-ում, այնպես էլ Նախիջևանում բնակվող բոլոր հայերը ստիպված եղան մազապուրծ փախչել՝ կորցնելով ամեն ինչ և չստանալով որևէ փոխհատուցում։ Թեև ՄԱԿ-ի սկզբունքները, ընդունած բանաձևերն ու որոշումները փորձում են ամեն կերպ բազմակողմանիորեն պաշտպանել մարդու իրավունքները հնարավոր իրավախախտումներից, սակայն այս պարագայում փաստացի Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն՝ կրելով հայատյացության հիմնարար գաղափարները որպես պետական ուղենիշ։ Սակայն ՄԱԿ-ը, ունենալով համապատասխան գործիքակազմ, մինչ օրս արժանի գնահատական չի տվել ո՛չ 1988-1992 թթ․ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հանդեպ գործած ցեղասպանությանը, ո՛չ այդ պետության ահաբեկչական բնույթին, որի արդյունքը համանման սցենարների անշեղ կրկնությունն էր այս անգամ արդեն 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։ Սակայն, ցավալիորեն, այս անգամ ևս ՄԱԿ-ը, լինելով միջազգային կազմակերպություն և իր մեջ կրելով իրավարարության հիմնարար նորմեր, օբյեկտիվ և հիմնավոր գնահատական չտվեց ինչպես 2020-2023թթ․ պատերազմներին, որոնք ուղեկցվեցին ինչպես պատերազմական հանցանքներով, այնպես էլ հայության էթնիկ զտումներին։ Այսօր արդյո՞ք ՄԱԿ-ի պատկան մարմիններն իրենց հարց չեն տալիս՝ ինչու Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում չկան հայեր, արդյո՞ք հայության ազատ կամքն էր՝ հեռանալ սեփական հայրենիքից, մի՞թե ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գործառույթների մեջ չի մտնում հայ փախստականության հիմնախնդրի հիմնավոր ուսումնասիրությունը, որի արդյունքում կարող էր բացահայտվել ադրբեջանական ողջ ռասիզմը։ Սակայն մեկ այլ խնդիր է՝ արդյո՞ք ՄԱԿ-ը կամ մեկ այլ միջազգային կազմակերպություն կարող է բավարար կամք ցուցաբերել՝ ստեղծելու Ադրբեջանի կողմից իրականացված հանցանքների պատժի ու պատասխանատվության արժանի մեխանիզմներ և կյանքի կոչել դրանք։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և առաջին հերթին ՄԱԿ-ին՝ խստորեն ուսումնասիրել իր անդամ պետությունների պետական քաղաքական և հասարակական վարքագիծը և դրա համապատասխանությունը ընդունված մարդասիրական սկզբունքներին։ Մենք պահանջում ենք պատասխանատվության կոչել ինչպես 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության կոտորածների և էթնիկ զտման պատասխանատուներին, այնպես էլ 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման կազմակերպիչներին։ Այլապես մեր տարածաշրջանը երբևէ չի կարող ապահովագրված լինել նույնանման սցենարների կրկնությունից, քանի որ ադրբեջանական վարչակարգերը ցուցաբերել են վերարտադրման արտակարգ կարողություններ և գերազանցել միմյանց հայատյացության ցուցանիշով։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31