Անվիճելի է, որ նախաքրիստոնեական շրջանում նույնպես հայ ազգը մշակույթի կրող է եղել, այսինքն` ժամանակի քաղաքակիրթ ազգերի դասին է պատկանել։ Թեև պատմությունը կարծես մեզ սովորեցնում է, որ քրիստոնեության ընդունումից հետո, քրիստոնյաները, մեղմ ասած, հարգանքով չեն վերաբերվել հեթանոսական մշակույթի հանդեպ, բայց, գոնե ինձ համար, այդ տեսակետը խիստ կասկածելի է և դեռ ուսումնասիրման անհրաժեշտություն կա, քանի որ եթե այդպես լիներ, ապա ոչինչ հեթանոսական շրջանից մնացած չէր լինի Հայաստանում, իսկ մենք գիտենք, որ այսօր Հայաստանում կան հեթանոսական հուշարձաններ և հայ ժողովրդի մեջ էլ մինչ այսօր պահպանվել են հեթանոսական սովորություններ, որոնք Հայ Առաքելական Եկեղեցին իմաստությամբ շաղկապել է քրիստոնեական հավատքի հետ, այդ կերպ յուրահատուկ հարգանք ցուցաբերելով նախաքրիստոնեական շրջանում գոյություն ունեցած ազգային ավանդություններին։
Հայաստանում ազգային կրոնը քրիստոնեությունն է և մեր ազգային մշակույթի արմատները անմիջականորեն կապված է քրիստոնեության հետ։ Ազգային մշակույթի պահպանումը նույնքան կարևոր է, որքան ազգային կրոնի պահպանումը, քանի որ այս երկուսն էլ կարող են նպաստել ազգի զարգացմանն ու հզորացմանը։
Եթե ուշադրություն դարձնենք աշխարհի զարգացած պետությունների ներքին կյանքի վրա, ապա կտեսնենք, որ այդ երկրներում բնիկները պարզապես կառչած են իրենց ազգային մշակույթից ու կրոնից, իսկ եկվորները արագացված տեմպերով, հաճախ անգիտակցաբար, օտարվում են սեփական մշակույթից և ինտեգրվում իրենց համար օտար մշակույթի մեջ՝ ձևականորեն հետևելով, թերևս, իրենց ազգային կրոնին։
Անշուշտ, Հայաստանից դուրս գտնվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերն ու հայկական ավանդական կուսակցությունները ջանք ու եռանդ չեն խնայում հայության ուծացումը հնարավորինս կանխելու համար, սակայն դա բավարար չի կարող լինել առանց հայրենի պետության հետ համակարգված գործողությունների, ինչը, տեսնում ենք, որ տեղի չի ունենում, այլ ճիշտ հակառակը, հաճախ անհանդուրժողականության դրսևորումներ ու փոխադարձ «հրաձգություններ» են նկատվում։ Այստեղ, ըստ իս, թերությունը Հայաստանի իշխանություններինն է, քանի որ պետությունը ինքը պետք է նախաձեռնողը լինի սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության գործում, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի Հայաստանից դուրս գտնվող հայությանը զերծ պահել օտար մշակույթից և օտար կրոններից։
Կարդացեք նաև
Հաճախ կասկածներ են հնչում, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները ծրագրված ու հետևողական քաղաքականություն են վարում հայկական սփյուռքը Հայաստանից կտրելու համար, ինչը կարծում եմ, անհիմն չէ, սակայն փաստ էլ չէ, քանի որ պետության շահերից է բխում սփյուռքի ներգրավվածությունը հատկապես հայաստանյան արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև անվիճելի է, որ սփյուռքը էապես կարող է բարելավել Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը։ Հիմա սփյուռքը կարծես մաս չի կազմում հայությանը, դա շատ տխուր է, այդպես չպետք է լինի։ Կարծում եմ, հենց դրա համար է ստեղծվել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը, սակայն ինչո՞վ է զբաղված սփյուռքի հանձնակատարը և ո՞վ է նա ընդհանրապես։ Արդյոք ինքը կրողն է ազգային մշակույթի և կրոնի։ Անկեղծորեն, ես քիչ ժամանակ չտրամադրեցի այս հարցերին պատասխան գտնելու համար, սակայն դրական պատասխանելու համար այդպես էլ վստահություն չունեցա։
Ժամանակին հայաստանյան լրահոսով պարբերաբար տեղեկատվություններ էին լինում սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ, այդ նախարարությունը հայկական համայնքների հետ համատեղ ծրագրեր էր իրականացնում կամ գոնե փորձում էին իրականացնել։ Եվ դա շատ լավ էր։ Սփյուռքի և Հայրենիքի կապը պետք է շատ ամուր լինի։ Այժմ Հայաստանից դուրս գտնվող հայկական համայնքները որպես ազգային փոքրամասնություն են համարվում, սակայն այսօրվա այս տխուր իրավիճակի հետ համակերպվելու դեպքում հայերս կարող ենք նաև մեր սեփական հայրենիքում փոքրամասնություն դառնալ, ինչն արդեն ոչ թե տխուր կլինի, այլ պարզապես ամենամեծ ողբերգությունը Հայոց սրբազան պատմության մեջ։ Վստահ եմ, որ մենք ունենք այն ներուժը, որպեսզի թույլ չտանք նման իրավիճակ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ