ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնության ստանալու հարցով ԱԺ նախագահին ներկայացված միջնորդության մեջ գլխավոր դատախազը ուշագրավ փաստարկներ է բերել:
Հիշեցնենք, որ անձեռնմխելիությունից զրկելու պահանջի հիմքում կաշառք ստանալու երկու քրեական գործերն են, որոնցով անցնում է պատգամավորը:
Քրեական վարույթի շրջանակում՝ թվային խուզարկությամբ տեսաձայնագրություններ են հայտնաբերվել, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով մի քաղաքացի 2024 թվականին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021 թվականին մաս-մաս ընդհանուր առմամբ 23.000 ԱՄՆ դոլար եւ 300.000 դրամ է տվել Աղազարյանին՝ իր օգտին գործողություններ կատարելու համար:
Այն է՝ վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալ իրավասու պետական մարմիններից:
Կարդացեք նաև
Նշված տարածքի մի մասի վրա պետք է դպրոց կառուցվեր, մյուս մասում՝ բազմաբնակարան շենք կառուցելու համար թույլտվություն ստանար:
Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այս գործով Աղազարյանի կողմից կաշառք ստանալու դեպքը հաստատվում է հայտնաբերված մի քանի տեսաձայնագրություններով:
Հայկ Նազարյանին ուղարկած տեսաձայնագրություններից մեկով Արամ Մկրտչյանը հայտնում է հետեւյալը.
–…Ես արդեն իրեն սպասում եմ անցած տարվա ամառվանից, բայց մինչեւ էդ էլ ինքը գիտեր, որ էդ գործերն ինքը չի անելու, այսինքն՝ խաբել է, փողերը վերցրել, գործերն էլ մեկ է չի լինելու…
Երկրորդ տեսաձայնագրությամբ՝ Արամ Մկրտչյանը հայտնում է հետեւյալը. «Նորից եմ կրկնում ես պատգամավոր Հովիկ Աղազարյանին տվել եմ գումար՝ մաս-մաս: Ընդհանուր եղել է 23.000 ԱՄՆ դոլար եւ 300.000 դրամից մի քիչ ավել գումար… հիմա ես ասում եմ իրան՝ փող ես քեզ տվե՞լ եմ, թե՞ չէ, ասում ա ՝ տվել ես: Ինձ հետ տալո՞ւ ես էդ փողը, ասում է՝ մի պարագայում, եթե տամ էլ ամռանը, հիմա չեմ կարող տալ…պարոն Աղազարյան, էս ամեն ինչը սարքեցիր իմ գլխին, էս կոնկրետ քցոցի ա, կոնկրետ խարդախություն ա իմ հանդեպ, փողը վերցրել ես, չես տալիս… էն սկզբից ասում էիր՝ տունս կծախեմ, կտամ, տունդ հանել էիր վաճառքի: Ձեն չէի հանում, ասում էի՝ դե մարդն իր տունն ա հանել վաճառքի: Ես չունեմ ոչ մի բան, ասում եմ՝ մի հատ մեքենա ունեի, վարձով տնից էլ եմ դուրս եկել, որովհետեւ վարձը չէի կարողանում վճարել, իսկ դու, բնականաբար, վարձով տնից գնացիր տուն առար… քո խոսքն ա՝ գործը չլինելուց, ներողություն կխնդրենք, փողը հետ կտանք: Ես քեզ էդքան գումար եմ տվել, դու էսօր հազար դրամ ինձ հետ տվե՞լ ես, բա լավ, քո մարդկային խիղճը որն է…»:
Մեկ այլ տեսագրությամբ՝ Արամ Մկրտչյանը պատմում է, որ Աղազարյանը պարբերաբար սադրանքների է դիմում, հայհոյանքներ տալիս, ինչի ձայնագրություններն ինքն ունի, անընդհատ սրում իրենց զրույցը, որ ծեծկռտուքի վերածվի, ինքն էլ վազի հանցագործության մասին հաղորդում տա:
Այս գործով հարցաքննվել է նաեւ վկա Հայկ Նազարյանը, որին էլ հենց տեսաձայնագրություններով Հովիկ Աղազարյանի ենթադրյալ խարդախությունների մասին պատմել էր Արամ Մկրտչյանը: Վկա Հայկ Նազարյանը նաեւ վարույթ իրականացնող մարմին հայտնել է, որ Արամի քույր Գայանեն իրեն է ուղարկել Աղազարյանի կողմից Արամ Մկրտչյանին հասցեագրված ձայնային հաղորդագրությունը, որով Աղազարյանը Մկրտչյանից պահանջում էր վերադարձնել քաղաքաշինության կոմիտեից ստացված փաստաթղթերը, ֆինանսական վիճակի պատճառով նախագծից հրաժարվելու դիմում գրել:
Ի դեպ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, Արամ Մկրտչյանը Աղազարյանին փոխանցած գումարը պարտքով էր վերցրել այլ անձանցից, որոնք գումարը իրենից էին պահանջում: Իր հերթին Աղազարյանն էլ հրաժարվել է վերադարձնել՝ առաջարկելով հանդիպել Արամին պարտք տվողների հետ, ու լուծել Արամի խնդիրները: Նրանցից մեկին էլ Աղազարյանը հանդիպել ու պարտավորագիր է գրել, որ վերցրել է 8.000 ԱՄՆ դոլար ու պարտավորվում է վերադարձնել:
Փողային հարցերի մասին հաստատող տեղեկություններ են երեւում նաեւ Աղազարյանի ու Արամ Մկրտչյանի հեռախոսային գաղտնալսումներով: Երբ Աղազարյանը պնդում է հանդիպել Արամ Մկրտչյանին պարտք տվածների հետ, իսկ Արամը հայտնում է, որ նրանք չեն ցանկանում այդ հանդիպմանը գալ:
Ի դեպ, Արամ Մկրտչյանը 2024 թվականին լքել է ՀՀ-ն ու չի վերադարձել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
2018-ի ցույցերից լուսանկարը՝ Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից