Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասում կատարած անձանց թիվն աճել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024-ին ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023 թվականի 155-ի համեմատ։
«2024թ սկզբին բոլոր քրեակատարողական հիմնարկներում(ՔԿՀ) արձանագրվել է 205 ազատությունից զրկված անձանց կողմից՝ 626 ինքնավնասման դեպք: 626 դեպքի մեջ հաշվառված են նաեւ 101 այն դեպքերը, երբ ունեցել ենք ինքնավնասում կատարելու վերաբերյալ բանավոր հայտարարություններ»,-Մեդիա կենտրոնում կայացած «Ինքնավնասման եւ ինքնասպանությունների կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը:
«Ենթադրենք, ազատությունից զրկված անձը հայտարարել է, որ կուլ է տվել օտար մարմին կամ մարմնի ինչ-որ հատվածում թուք է ներարկել: Այս վիճակագրությունը ամեն դեպքում հաշվառում ենք, քանի դեռ չունենք հակառակը հավաստող տվյալներ»,-հավելեց նա: Ցողիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ նախորդ տարվա համեմատ նման դեպքերը բավականին մեծ թիվ են կազմում:
Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետը նաեւ ներկայացրեց վերջին 5 տարիների վիճակագրությունը. «2020թ ինքնավնասում կատարած անձանց թիվը 11,5% է եղել, 2021թ՝ 8,3%՝ , 2022-ին՝ 7,9%, 2023-ին՝ 6,3% եւ 2024-ին՝ 7,9%: Ամենաբարձր թվերը գրանցվել են 2020 եւ 2021 թվականներին:
Կարդացեք նաև
Հիմնական բացատրությունը հետեւյալն է, որն իհարկե հետազոտման կարիք ունի. 2020 եւ 2021թվականներն այն տարիներն էին, երբ համաճարակի պատճառով ՔԿՀ-ներում մուտքն ու ելքն ավելի խստացված է եղել: Հիմնականում ինքնավնասման դեպքերն արձանագրվել են այն ՔԿՀ-ներում, որտեղ մարդիկ պահվում են ավելի փակ խցային պայմաններում՝ ելնելով իրենց անվտանգային գոտու եւ պայմանների պահանջից: Ավելի շատ ինքնավնասում անում են այն անձինք, որոնք սահմանափակ հնարավորություններ ունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական առօրյան տնօրինելու առումով:
Ունենք նաեւ այսպիսի դիտարկումներ. անձը, որը գտնվել է խցային պայմաններում, տարվա մի մասը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, քանիցս հացադուլ է հայտարարել, սակայն երբ դատավճռի եւ իր կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ տեղափոխվել է այլ ՔԿՀ, որտեղ պահվել է կացարանային պայմաններում, ինչը ենթադրում է ավելի շատ սեփական տարածք, սեփական ժամանակը տնօրինելու հնարավորություններ, այլեւս չի կատարել որեւէ ինքնավնասում»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ