«Մենք վարում ենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Մենք ունենք քաղաքացիական նախաձեռնություն, որը քննարկվում է ԱԺ-ում եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է, որը ենթադրում է, որ ՀՀ-ն պետք է ԵՄ-ին անդամակցման գործընթաց նախաձեռնի: Մենք ունենք շատ խորը հարաբերություններ ԵՄ-ի հետ, որն այսօր էլ խորացնում եւ զարգացնում ենք: ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք: Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք մեր գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Շարունակում ենք եւ շահագրգռված ենք զարգացնել մեր հարաբերությունները մեր անմիջական հարեւանների հետ՝ Վրաստանի, Իրանի։ Հասկանում ենք, որ տարբեր երկրների, տարբեր գործընկերություններ կարող են դուր չգալ, հիասթափությունների առիթ դառնալ գուցե, բայց մենք փորձում ենք բացատրել, որ մենք առաջնորդվում ենք ՀՀ շահով, մեր որեւէ գործընկերություն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Նիդեռլանդների հետ մեր ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ուղղված չէ, ոչ ՌԴ-ի դեմ, ոչ Իրանի, ոչ Թուրքիայի, ոչ էլ որեւէ հեռավոր երկրի»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Վրաստանաբնակ լրագրողը հետաքրքրվել էր՝ Հայաստանը ճնշում զգո՞ւմ է ՌԴ-ի կողմից՝ Հայաստանն իր ուղեծիր մտցնելու համար։
Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանը եւ Նիդերլանդների Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո, երկու երկրների ԱԳ նախարարները հանդես եկան հայտարարությամբ։
«Կարծում եմ, մեր մեծ տարածաշրջանում գտնվող՝ ամբողջ Եվրասիական տարածաշրջանում, որեւէ պետություն չի կարող ասել, որ Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններն ազդեցություն չեն ունենա իրենց վրա։ Ըստ էության, ողջ աշխարհն այսօր կենտրոնացած է մի քանի խնդրի վրա եւ թերեւս չափազանցություն չի լինի, որ ասեմ առաջիններից մեկը հենց Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերն են եւ դրանց շուրջ տարբեր երկրների դիրքորոշումները»,- հավելեց Արարատ Միրզոյանը՝ շարունակելով, որ Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումնը նույնպես ինչ-որ իմաստով եւ կապված է այդ խնդրի հանգուցալուծման հետ, ինչ-որ իմաստով էլ՝ կապված չէ, քանի որ կան հավելյալ ջանքեր, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը կրկնեց Հայաստանի պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ խնդիրները լուծելու՝ հավելելով, որ իհարկե, մեկ պայմանագրով խաղաղություն չի լինի, բայց այն կարող է լինել հարցերի լուծման սկիզբը, հիմնական արդյունքը, իսկ խնդիրները երկկողմ ջանքերով կկարգավորվեն։ Նույն պատրաստականությունը, ըստ նրա, Հայաստանն ունի նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասով եւ այդ գործընթացները կարող են Ուկրաինայի զարգացումներից առաջ ընկնել կամ դրանց զուգահեռ ընթանալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ