«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկի՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնության հարցով ԱԺ նախագահին ներկայացված միջնորդության մեջ գլխավոր դատախազը ուշագրավ փաստարկներ է բերել:
Հիշեցնենք, որ անձեռնմխելիությունից զրկելու պահանջի հիմքում կաշառք ստանալու երկու քրեական գործերն են, որոնցով անցնում է պատգամավորը:
Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սլավիկ Կարապետյանը կնոջ հոր՝ Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով 2023 թվականին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որ նա իր հերթին դիմի պատգամավոր Աղազարյանին: Որ վերջինս առանձնապես խոշոր չափի 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օգտագործի ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը՝ եւ Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարի: Այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպի: Ըստ ձեռքբերված տվյալների՝ պատգամավորն ընդունել է այդ առաջարկը: Ըստ Սլավիկ Պողոսյանի եւ մյուսների ցուցմունքների՝ Աղազարյանը պահանջել է սկզբում 100.000 ԱՄՆ դոլար՝ մյուս մասը հետո տալու պայմանով:
Սակայն Աշոտիկ Կամավոսյանը կարողացել է հայթայթել միայն 20.000 ԱՄՆ դոլար ու Աղազարյանի հետ ԱԺ մոտ գտնվող այգում հանդիպման ժամանակ փորձել փոխանցել այդքան գումարը: Սակայն, Հովիկ Աղազարյանը, լսելով գումարի չափը, ասել է, որ այդքան գումարով գործարքը չի կարող տեղի ունենալ:
Կարդացեք նաև
Աղազարյանն իր ցուցմունքներում հերքել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար պահանջելու, Կամավոսյանի կողմից 20.000 դոլար տալու պատրաստակամություն հայտնելու մասին խոսակցությունները: Ասել է, որ իրեն գումար չի առաջարկվել, ինքը գումար չի պահանջել:
Այս գործով շահագրգիռ մարդկանց հեռախոսազանգերի գաղտնալսման արդյունքում հաստատվել է, որ Աղազարյանը գործը կաշառք վերցնելու դիմաց գլուխ բերելու համար մի քանի անգամ զանգել է ՍԱՏՄ պաշտոնյայի ու կարճատեւ զրույցներ ունեցել:
Հատկանշական է, որ թեեւ Աղազարյանը հերքել է իր կողմից ՍԱՏՄ պաշտոնատար իրավասու անձի հետ նշված հարցով պայմանավորվածություն ձեռք բերելու հանգամանքը, սակայն քրեական վարույթով ձեռք են բերվել ապացույցներ, որ Սեւան քաղաքում իրեն կաշառք խոստացած անձանց հետ հանդիպումից հետո ինքը զանգահարել է ՍԱՏՄ-ում պաշտոն զբաղեցնող անձին ու 1 րոպե 57 վայրկյան զրույց ունեցել հետը: Ավելին՝ նշված պաշտոնյայի հետ Աղազարյանի զրույցները եղել են նաեւ 2023 թվականին, ինչը ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ վկայում է Աղազարյանի ոչ արժանահավատ ցուցմունքների մասին:
Սլավիկ Պողոսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Պողոսյանը պնդել է կաշառք տալու պայմանավորվածությունը, Աղազարյանը հերքել է, իսկ Կամավոսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Աղազարյանն ընդհանրապես հերքել է՝ հայտնելով, թե երբեւէ նրան չի հանդիպել:
Ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ Աղազարյանի ոչ արժանահավատ ցուցմունքների մասին է վկայում այն, որ թեեւ վերջինս պնդել է, թե Կամավոսյանին երբեւէ չի հանդիպել, սակայն հեռախոսազանգերի ուսումնասիրությամբ փաստվել է, որ քննությանը հետաքրքրող օրերին Կամավոսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Սլավիկ Պողոսյանի եւ Աղազարյանի բջջային հեռախոսահամարները սպասարկած ալեհավաք կայաններով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ