Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամաձայնի՞ Հայաստանը միջազգային ատյաններից ետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը՝ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը․

Մարտ 12,2025 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը»,- այսօր Նիդերլանդների թագավորության ԱԳ նախարարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը արձագանքե՞լ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հերթական առաջարկներին եւ կհամաձայնի՞ Հայաստանը միջազգային ատյաններից ետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը՝ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանազատված հատվածներում դիտորդների չտեղակայմանը։

«Եթե այն համաձայնեցվի, ստորագրվի, մտնի ուժի մեջ, այս եւ մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք։ Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու այդ մոտեցումը եւ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,-հավելեց Արարատ Միրզոյանը։

Հստակեցնող հարցին՝ Հայաստանի մոտեցումները նո՞ւյնն են մնացել, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Մոտեցումները համապատասխանում են արդի մարտահրավերներին, Հայաստանի խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությանը եւ ՀՀ շահերին»։

Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանը եւ Նիդերլանդների Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո, երկու երկրների ԱԳ նախարարները հանդես եկան հայտարարությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31